Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը. փաստաբանի պնդմամբ պաշտոնական դիրքի չարաշահում կա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8–ին արգելել են հատել հայ–վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ներկայացնելով միջադեպի հանգամանքները։

Ըստ Պողոսյանի՝ Խաչատուրովը ընտանեկան հանգամանքներով այսօր փորձել է մեկնել իր ծննդավայր՝ Վրաստանի  Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00–ի սահմաններում Բագրատաշենի սահմանակետում նրան արգելել են դուրս գալ երկրից։

«Ի սկզբանե սահմանահատումների արգելք դնելը հակաօրինական է եղել, քանի որ Յուրի Խաչատորովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը սահմանահատումների արգելք չի նախատեսում: Բացի այդ, մենք նախապես դիմում էինք գրել դատարանին ու հայցել էինք դատարանի թույլտվությունը, քանի որ քրեական գործով ելքի արգելք սահմանող փաստաթուղթ չկա, խնդրել էինք դատարանին հնարավոր խոչընդոտներ լինելու դեպքում վերացնել նաև այդ խոչընդոտները, դատարանը բավարարել էր մեր պահանջը, թույլատրել էր մեկնել ՀՀ-ից և սահմանահատման արգելք լինելու դեպքում վերացրել էր նաև այդ արգելքը, ուղարկել էր տվյալ գրությունը սահմանահատումների նկատմամբ հսկողություն իրականացնող քրեական հետախոզության գլխավոր վարչությանը»,- մանրամասնում է Պողոսյանը:

Պաշտպանն ասում է, որ թեև դատարանի գրության և թույլտվության մի օրինակը գտնվել է Խաչատուրովի մոտ՝ հնարավոր խոչընդոտների դեպքում տեղում ցույց տալու նպատակով, սակայն անգամ փաստաթղթերը ներկայացնելուց հետո էլ նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից:

Այնուհետև դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, սակայն դեռևս պատասխան չունեն:

«ՄԻՊ-ը բանակցությունների և քննարկումների փուլում է, սակայն ոստիկանությունից ու ԱԱԾ-ից այս պահին տեղեկություն չունենք, թե ինչ պատճառով չեն թույլատրել, մենք պնդում ենք, որ այստեղ որոշ պաշտոնատար անձինք անցել են իրենց լիազորությունները, որովհետև ի սկզբանե նման իրավունք չունեին, դատարանի թույլտվության դեպքում էլ եղած արգելքը պետք է վերացնեին, մինչդեռ որևէ գործողություն չեն իրականացրել»,-ասում է Պողոսյանը:

Խաչատուրովի պաշտպանը նշում է, որ շարունակելու է հետևել գործի ընթացքին.

«Ես պարտադիր ՄԻՊ-ից ստանալու եմ իմ տված հաղորդումների հիման վրա գրված նյութերը, պաշտոնական հարցումներ եմ կատարելու՝ պարզելու համար, թե ինչի հիման վրա է դրվել սահմանահատման արգելքը, ովքեր են դնողները, ովքեր չեն կատարել դատարանի որոշումը և նրանց պատասխանատվության ենթարկելու խնդիր ենք բարձրացնելու»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի մեկի» գործի շրջանակներում 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին և օրեր անց վերադարձել Հայաստան։