Զուրաբիշվիլին ընդունել է ԵԱՀԿ նախագահին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵԱՀԿ-ի նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Հանդիպմանը օրակարգում Վրաստան-ԵԱՀԿ, ինչպես նաև Վրաստան-Սլովակիա համագործակցությունը էլ ավելի խորացնելու մասին հարցերն են եղել։

Նշվում է, որ ԵԱՀԿ-ի ղեկավարի պատվիրակությունը իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Ի դեպ, Լաչակը երեկ այցելել է վրաց-օսական շփման գիծ, տեղում ծանոթացել իրավիճակին։

Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քեթեվան Մախարաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ավստրիայում Վրաստանի դեսպան և ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Դոնդուան: