Զուրաբիշվիլին Իտալիայի նախագահի հետ խոսել է եվրաինտեգրման կարևորության մասին

Պաշտոնական ​​այցով Իտալիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  համատեղ ճեպազրույց է անցկացրել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ։

Զուրաբիշվիլին նշել է, որ Իտալիան  եվրոպական այն երկրներից է, որն ամենաուժեղ կերպով աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը և կանգնած է Վրաստանի կողքին` դժվարին, բայց շատ կարևոր ճանապարհին։

«Վրաստանը դարեր շարունակ հայացքն ուղղել է դեպի Եվրոպա, և դրա օրինակները շատ են, բնակչության ավելի քան 80 տոկոսը վճռականորեն աջակցում է եվրոպական ինտեգրմանը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի՝ Վրաստանի թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ ԵՄ որոշումը կլինի արդարացի: Նրա խոսքով, որոշումը կհաստատի, որ Վրաստանն ունի եվրոպական և ժողովրդավարական ապագա։

Զուրաբիշվիլին խոսել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի մասին` ասելով, որ Ռուսաստանի քայլերը հաջողության չեն հասնում, որովհետև Եվրոպան միավորված էր, ինչպես երբեք։

Նախագահի խոսքով, Եվրոպայի հիմնական պատասխանը Ուկրաինայում ռուսական ագրեսիային, առաջին հերթին, Ուկրաինան ուժեղացնելն է:

Վրաստանի նախագահի խոսքով՝ Սերջիո Մատարելայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների հարցը։

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի խոսքով, Վրաստանը և Իտալիան կիսում են այն հիմքը, որի վրա հիմնված են երկու երկրները, այն է՝ պատերազմի դատապարտումը, խաղաղ գոյակցությունը և երկրի ինքնիշխանության ճանաչումն ու նրա քաղաքական սահմանների ինտեգրումը։

Ըստ Մատարելայի՝ Իտալիան պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, «չի ճանաչում Ռուսաստանի կողմից Վրաստանի փաստացի օկուպացիան Աբխազիայում և Հարավային Օսիայում»։