Զուրաբիշվիլին շարունակում է աշխատանքային հանդիպումները կառավարության անդամների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին աշխատանքային հանդիպումներն է ունեցել ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի ու էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիայի հետ:

Նախագահի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, նախարարների հետ Զուրաբիշվիլին քննարկել է փոխհամագործակցության հետագա ծրագրերը:

Սալոմե Զուրաբիշվիլին կառավարության անդամների հետ հանդիպումները սկսել է մի քանի շաբաթ առաջ: Հունվարի 15-ին նա հանդիպել էր վարչապետ Մամուկա Բախտաձեին: Զուրաբիշվիլին նաև հանդիպել է ներքին գործերի, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, արդարադատության, արտաքին գործերի, պաշտպանության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների հետ: