Զուրաբիշվիլին վաղը Սուրբ Նինոյի ճանապարհով կգնա Ջավախք

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 29-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Մշակութային երթուղիները՝ Վրաստան, Եվրոպա» խորագրով հանդիսավոր միջոցառմանը ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հունիսի 1-ին Սուրբ Նինոյի ճանապարհով է անցնելու:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ այս ճանապարհով եվրոպացիները կհասկանան, թե ինչպիսին է եվրոպական Վրաստանը, իսկ ուղիները կարևոր են ինչպես մշակութային, այնպես էլ զբոսաշրջության, տնտեսական և տարածաշրջանային զարգացման հեռանկարների առումով:

«Այս ուղիները կբացահայտեն մեր մարզերը, ինչը տարածաշրջանի ճիշտ զարգացման խթանը կդառնա: Այս երթուղիների կարևոր մասը պետք է լինեն պատմության, ավանդույթների բացահայտումները։ Այսօր էլ շատ մարդիկ Եվրոպայում հետաքրքրված են ուխտագնացությամբ, և ես հունիսի 1-ին պատրաստվում եմ անցնել սուրբ Նինոյի ճանապարհը», — հայտարարել է նախագահը:

Սուրբ Նինոն ըստ հայկական աղբյուրների՝ եղել է Սբ. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագա լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։

Ըստ վրացական աղբյուրների՝ Սուրբ Նինոն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։