Մայրենի լեզվի դասագրքերի հարցն օրակարգում է. ՀՀ ԿԳ նախարարը Վրաստանում է. Տեսանյութ

Վրացի գործընկերոջ հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելեց Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց:

Նախարարին դիմավորեցին դպրոցի անձնակազմն ու հայկական ու վրացական տարազներով աշակերտները՝ ներկայացնելով մայրաքաղաքի միակ ամբողջովին հայկական կրթօջախի նվաճումները, Վրաստանում գործող հայկական դպրոցի առանձնահատկությունները, շենքի տեսքը վերանորոգումից առաջ և հետո, ինչպես նաև լավագույն աշակերտների լուսանկարներով ու գովասանագրերով զարդարված ցուցատախտակը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայկական գեղարվեստական գրականության նվիրաբերեց դպրոցի գրադարանին՝ նախատեսված հատուկ դպրոցական աշակերտների համար:

Խոսելով վրաստանյան հայկական դպրոցների գրքերի՝ հատկապես մայրենի լեզվի դասագրքերի խնդրի մասին, նախարարը նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են նախատեսված վրացի գործընկերոջ հետ, մայրենի լեզվի դասագրքերի հարցն օրակարգում է:

Հայաստանի և Վրաստանի նախարարները ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել են նախօրեին, այսօր կկայանա հանդիպման պաշտոնական մասը: Արայիկ Հարությունյանի խոսքով, քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում հայկական դպրոցներում առկա խնդիրները՝ դասագրերի, ուսուցիչների վերապատրաստումների, դասաժամերի հարցը:

«Ամենակարևորն այն է, որ երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև երկու նախարարների միջև շատ ջերմ հարաբերություններ են, իսկ դա այն ամենակարևոր հիմքն է, որը նպաստում է հարցերի լուծմանը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ ԿԳ նախարարը Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում

Posted by Aliq Media on Thursday, May 30, 2019