Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերականներում (1914-1918). Փախստականները

Հատված «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքից: 1915-ի հունվարին վրացալեզու «Ժայռ» թերթում հրապարակված «Փախստականները» վերնագրով հոդվածում վերլուծվում են այն խնդիրները, որոնց առաջ Վրաստանը կարող է կանգնել հայոց ցեղասպանության նախօրեին` Օսմանյան կայսրությունից փախստականների աճի պարագայում: Մինչ այս թարգմանաբար հրապարակել էինք գրքի նախաբանը եւ առաջին մասը:

Ժայռ 1915/01/18 #2

Փախստականները

Սարսափելի է յուրաքանչյուր պատերազմի հետևանքը: Պատերազմները սարսափելի է տնտեսական տեսանկյունից, հոգեբանորեն, սակայն անդառնալի է պատերազմի խլած կյանքերի կորուստը: Ասում են` հոգին քաղցր է: Մարդիկ կարող են դիմանալ բոլոր տեսակի դժվարություններին, սակայն երբ հարցը վերաբերում է կյանքին` մարդիկ տարբեր վարքագծեր են դրսեւորում: Հաճախ վախով են լցվում, փախուստի դիմում, վախկոտի պես թաքնվում: Հակառակն էլ է պատահում, երբ մարդը համարձակություն է դրսեւորում, տղամարդկությունը և ոգին կոփվում է մարտի դաշտում, ինչը որոշիչ է դառնում կյանքի ողջ ընթացքում: Այսպիսին է պատերազմի գնացող զինվորի, տղամարդու հոգեվիճակը: Սակայն կա մարդկության երկրորդ տեսակը` մայրերը, կանայք, երեխաներն ու ծերերը հաճախ ստիպված են լինում գտնել իրավիճակից միակ ելքը` թաքնվել, փախչել թշնամու վայրենի պահվածքից պատսպարվելու համար: Հաճախ հենց այսպես է լինում, երբ մարդկության թույլ հատվածը անհետ փախուստի է դիմում:

Այսօր նման ճակատագրի են արժանացել Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում ապրող հայերը: Տղամարդիկ կամ բանակ են զորակոչվել, կամ` ապստամբել բանակի դեմ, իսկ նրանց կանայք և երեխաները դարձել թշնամու բռնությունների զոհը: Մենք հավաստի աղբյուրից չգիտենք, թե այս բռնությունները ինչ ծավալի են, սակայն ըստ թերթերի և բանավոր պատմությունների` դրանք ահռելի մասշտաբների են հասնում: Մի հայ մտավորական կին մեզ տեղեկացրեց, որ մոտ 1000 հայ կին ինքնասպան է եղել Վանա լճում` գազազած քրդերի զոհը դառնալուց խուսափելու համար: Ահա, նույնիսկ այս օրինակը բավարար է, կանխատրամադրվելու, ջղաձգվելու եւ առանց երկմտելու դուրս մղելու թշնամուն, հայրենիքի գոյությունը կասկածի տակ առնողին ու այն ոչնչացնել ցանկացողին: Հարց է սակայն, արդյո՞ք որևէ մեկը կդիմի այդ քայլին: Պատասխանը՝ ո՛չ է: Ոչ` ոչ թե նրա համար, որ չեն սիրում հարազատ ժողովրդին կամ սրտացավ չեն, այլեւ այն պատճառով, որ զգացմունքից բացի մարդուն ղեկավարում է բանականությունը` հաշվի են առնվում փաստերը, նույնիսկ եթե դրանք սարսափելի են: Այսպես ուրեմն, հայ ժողովուրդը վրեժխնդրությունից դրդված չէ ոչնչացնում թշնամուն, այլեւ փորձում է նվազագույն կորուստներով՝ առավելագույնն անել: Այստեղ սխալ չկա, մտածելու բան է յուրաքանչյուր ազգի համար, յուրաքանչյուր անհատի համար: Ապա, ինչու պետք է սխալ լինի այն, որ վրացիների հոգատարությունը իրենից վտանգ է ներկայացնում և վրացիները պետք է փաստերը հաշվի առնեն, որպեսզի մղվող` աննախադեպ, տիտանական պայքարից նվազագույն կորուստներով դուրս գան:

Հավատացած ենք` որքան էլ վիրավորված լինի մարդը, նա չպետք է կորցնի մտածելու ունակությունն ու ողջամտությունը, զգուշությամբ վերաբերվի բոլոր տեսակի վտանգներին: Ժողովուրդները պարտավոր են հոգալ իրենց անվտանգության մասին, հնարավորության դեպքում, այլ ազգերի հետ զորակցությամբ հանդես գալ: Սակայն ի՞նչ ենք մենք տեսնում. հերթական անգամ հալածվող հայ ժողովուրդը ապաստան է փնտրում կովկասյան հարթավայրերում ու Վրաստանի տարբեր անկյուններում: Ցնցող աղետը, որը գերազանցում է այս ժողովրդի ուժերը, ստիպել է հայերին փախուստի դիմել` էլ ավելի մեծ դժբախտությունից խուսափելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկինում եղած պատերազմների հետևանքով հայ փախստականները առանց պատերազմի նվաճել են Ախալքալաքի շրջանը և մասամբ Բորչալուն ու Կղիրսոքլիսան: Նույնը տեղի է ունենում այսօր և արդեն լուրեր են տարածվում, որ փախստականները ոչ միայն գումարի և ուտելիքի կարիք ունեն, այլեւ` հողի: Ահա մարդկային և պետական օգնությունների տարբերությունը: Սա այսպես էլ պիտի լինի:

10, 20, հարյուր ընտանիքի կարելի է ժամանակավոր օգնություն ցուցաբերել` գումարի, սննդի, հագուստի տեսքով, սակայն անհնար է 60, 100 հազար փախստականի ապաստան տալ բարեգործական հիմքերով: Այսքան մարդու համար պետք է աշխատանք գտնել, պետք է հող տալ, որ կարողանան իրենց համար սնունդ ապահովել ու բեռ չդառնալ: Այժմ մտածել է պետք, թե որտեղի՞ց է ապահովվելու այս ամենը, որտեղի՞ց է տրվելու հողը, այն դեպքում, երբ աշխատանքի և հատկապես հողի պակասորդն ավելանում է: Այսօր, Կովկասում որոշ տարաձայնությունների պատճառը հենց միջոցների պակասն է և եթե այս պակասին ավելացնենք մարդկանց թվաքանակի աճը` անկասկած տարաձայնություններն ավելանալու են, ինչը պատերամից էլ ավելի մեծ աղետ կարող է դառնալ: Պատերազմը անցողիկ է, իսկ բարիդրացիական հարաբերությունները խախտվում են ընդմիշտ` ոչնչացնելով համերաշխության հիմքերը:

Իհարկե պատերազմի պատճառով շատ մարդիկ կզոհվեն, բնակավայրեր կոչնչացվեն: Դրանց տեղերում հնարավոր է այլ էլեմենտներ տեղավորվեն, սակայն մի՞թե սա չի նշանակի ուրիշի ցավի վրա սեփական երջանկություն կառուցելուց և արդարության սասանումից զատ` անբացատրելի խնդիրներ ստեղծել ապագա սերունդների համար, այնպես` ինչպես ժամանակին բնակեցվել է Ախալքալաքի շրջանը, արդյոք հնարավո՞ր է հետագայում նման բան տեղի ունենա այլ վայրերում: Ուստի ի՞նչ ելք պետք է գտնենք այս իրավիճակից, երբ այն ոչ թե մեր, այլեւ դրսի ուժերի ճնշմամբ է պայմանավորված: Հայերը չեն փախչում Կովկասի «հացն ուտելու», կամ` կովկասյան հողերը գրավելու համար: Նրանք մազապուրծ են լինում պատերազմի արհավիրքից: Հենց սա է մտածելու տեղիք տալիս և սրա համար պետք է հոգ տանեն ինչպես հայությունը, այնպես էլ՝ մյուսները: Որեւէ մեկը, և հատկապես հայերը, պատերազմի պատճառով չէին սպասում նման սև օրերի, երբ ստիպված են այս ու այն կողմ փախչել: Հայ ժողովուրդը, և հատկապես նրա ղեկավարությունը կարծում է, որ իրավիճակն անելանելի է դարձել:

Այսօր, երբ պատերազմը դեռևս ավարտված չէ, մեծ է հավանականությունը, որ փախստականների թվաքանակն աճելու է, քանի որ նրանք արդեն ցրվել են` կորցնելով իրենց բնակավայրերը: Նրանց կարելի է ավելի ապահով վայրեր տեղափոխել քան Էջմիածինն է, կամ Կովկասի այլ շրջանները: Կասկածից վեր է, Ռուսաստանը` Ֆրանսիայի և Անգլիայի հետ համաձայնեցված կհաղթեն Գերմանիային, Ավստրիային և Օսմանյան կայսրությանը, սակայն պատերազմի ընթացքը կարող է ենթադրել զորքի ժամանակավոր այս կամ այն կողմ փոխանցելու մարտավարություն: Նման իրավիճակում հայ փախստականները մի քանի անգամ ավելանալու են, դառնալով` մի կողմից խաղագնդակ, մյուս կողմից` խոչընդոտ բանակի տեղաշարժի ու գործողությունների համար:

Մեր կարծիքով, նրանք պետք է բնակություն հաստատեն գոնե Հյուսիսային Կովկասում, որպեսզի պատերազմի քամիները նրանց չվնասեն: Նրանք արդեն իսկ լքել են իրենց հայրենի տները և միեւնույն է որտեղ կբնակվեն` այստեղ, թե՞ մի փոքր հեռու: Այն դեպքում, երբ այստեղ բնակություն հաստատելու համար առայժմ այնքան էլ լավ պահ չէ և հնարավոր է նաև չլինի, քանի որ Ռուսաստանի հզոր բանակը, Աստծո կամոք, կհաղթահարի ամեն ինչ: Եթե փախստական հայերը երբևէ ցանկանան վերադառնալ իրենց հայրենիք` Հյուսիսային Կովկասից այնքան հեշտ կվերադառնան, որքան Էջմիածնից և Ախալքալաքի շրջանից: Եթե չցանկանան` նրանց համար ինչ տարբերություն այստեղ լինեն, թե` այնտեղ: Իսկ տեղացիները, լինեն դրանք հայեր, վրացիներ, թե մահմեդականներ կհանդարտվեն, քանի որ իրենց` արդեն իսկ նեղ տարածքում այլ էլեմենտներ չեն բնակվի: Մեր օբյեկտիվ կարծիքը այսպիսինն է և զարմացած ենք, որ միմյանց հետ խառնում են փախստականների օգնությունն ու փախստականների հարցը (վերաբնակեցման հարցը- Ալիքմեդիա), որտեղ առաջինը` զգացմունքային է, երկրորդը` բանականություն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեման և խորհրդարանի արխիվային նյութերը հասանելի դարձնել վրաց ընթերցողներին: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր Օհանյանը:

Թողնել պատասխան