Աղայանական տոնը Զիզի քարի ստորոտին

Ղազարոս Աղայանն ու Զիզի քարն այս տարի էլ համախմբեցին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին մեկ տարածքում: Ամենամյա աղայանական օրն ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ Բոլնիս-Խաչեն գյուղում: Արդեն տասնյակ տարիներ է այն կազմակերպվում է Վրաստանի հայ գրողների  «Վերնատուն»  եւ «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական միությունների կողմից: Դեռեւս 18 տարի առաջ սկիզբ դրված ավանդույթի համաձայն՝ տոնը նշվում է Բոլնիս-Խաչենում՝ Աղայանի տուն-թանգարանում, այս տարի, սակայն, մինչեւ Բոլնիս-Խաչեն ուղեւորվելը՝ Թբիլիսիից մասնակցող խումբը՝ Վիրահայոց թեմի, «Հայարտուն» կենտրոնի անդամները եւ հասարակական գործիչները, ծաղիկներ խոնարհեցին Խոջիվանքի Պանթեոնում հանգչող գրողի շիրիմին, ինչից հետո ուղեւորվեցին դեպի Բոլնիսի: Այստեղ հյուրերը շրջեցին Աղայանի տուն-թանգարանում, եւս մեկ անգամ ծանոթացան նրա անձնական իրերի եւ գրքերի հետ:

Միջոցառումը բացեց «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, ով կարեւորելով օրը, բազմիցս հիշատակեց վերջերս կյանքից վաղաժամ հեռացած գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ներդրումն ավանդույթի մեջ:

Միջոցառման ընթացքում խոսքեր հնչեցին Աղայանի՝ հայ գրականության մեջ կարեւորության մասին, ինչպես նաեւ բարձրացվեց գրողի տուն-թանգարանի վերանորոգման հարցը: Ելույթ ունեցավ նաեւ Բոլնիսիի գամգեբելի Դավիթ Շերազադիշվիլին, ով խոսեց հայ-վրացական հարաբերություններում հայ գրողների ավանդի մասին:

Տոնի գեղարվեստական մասն ապահովեցին «Հայարտուն» կենտրոնի պարի համույթն ու մենակատարները, ինչպես նաեւ Բոլնիս-Խաչենի դպրոցի սաները:

Հատկապես ուրախալի է այն փաստը, որ գյուղում շարունակվում է Աղայանների շառավիղը, գյուղում ապրում է նրա ծոռը:

Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4-ին, մահկանացուն կնքել` Թբիլիսիում 1911-ին: Նրա գրչին են պատկանում մանկավարժական մեթոդական բազմաթիվ աշխատություններ: Լինելով բազմաժանր ստեղծագործող, նա հայ նոր գրականության մեջ հիմք է դրել ինքնակենսագրական ժանրին: Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել հատկապես մանկական գրականության ասպարեզում: «Անահիտը», որ գրել է 1881թ-ին, դարձել է հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը: Աղայանը հարստացրել է նաեւ մեր թարգմանչական գրականությունը: Ռուս եւ արեւմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով եւ փոխադրություններով:

Թողնել պատասխան