Բաթումիում առաջին անգամ անցկացվեց տոլմայի փառատոն-մրցույթ

Թփով, կաղամբով, սմբուկով, ամառային, հաստ, բարակ․․․ ու այսպես կարելի է դեռ երկար բնութագրել այս ճաշաատեսակը, որը տարբեր ժողովուրդներ վերագրում են իրենց ավանդական խոհանոցին։ Սակայն հաճախ գուցե կարևորվում է ոչ թե նրա ծագումնաբանությունը, այլ թերեւս այն հաճելի ու միասնական մթնոլորտը, որը ստեղծվում է այս կերակրի՝ տոլմայի շուրջ։ Այսօր վրացական Աջարիայի ինքնավարության մայրաքաղաք Բաթումիի կենտրոնական՝ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունը կրող փողոցում վեր խոյացող Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու բակում տոլման կրկին իր շուրջն էր համախմբել ոչ միայն տեղի հայ համայնքին, այլև մյուս համայնքների ներկայացուցիչներին։

Հուլիսի 30-ին առաջին անգամ հենց այստեղ անցկացվեց «Տոլմայի փառատոն-մրցույթ», որին ներկայացվեց 30-ից ավելի տեսակի տոլմա։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Աջարիայում, Գուրիայում եւ Իմերեթիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, հյուրեր Հայաստանից և միջոցառման հեղինակներից, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը։

20374717_1714370855539538_7976916017174432658_n«Այսօրվանից նոր ավանդույթի հիմք է դրվում։ Այսուհետ ամեն տարի այս եկեղեցու բակում կանցկացվի տոլմայի փառատոն, որով նպատակ ունենք ցուցադրել հայ ժողովրդի ճաշատեսակներից ամենահայտնին՝ տոլման, որը պատրաստում են բոլոր ազգերը, սակայն վստահ եմ, որ այստեղ եղած յուրահատուկ բաղադրատոմսերն առանձնացնելու են հայկական տոլման։ Այս միջոցառման մասնակից հայ համայնքի անդամները ոչ միայն իրենք են վերապրում այս ազգային ճաշատեսակի պատրաստումնը, այլև իրենց փորձը փոխանցում են ուրիշներին, համտեսելով էլ՝ գեղեցիկ տոնական օր է ստացվում»,-ասաց Տեր Արարատ քահանա Գումբալյանը։

20542931_10210232196505255_1886303808_o83-ամյա Լյուսյա Գառանյանը փառատոն-մրցույթին ներկայացրել է երկու տեսակի թփերով և պասուց տոլմա։ Արմատներով Էրզրումցի կինը մշտապես հաճախում է եկեղեցի ու ակտիվորեն մասնակցում թեմի բոլոր միջոցառումներին։

«Շատ կարևոր և հետաքրքիր են նման միջոցառումները, նախկինում հարիսայի և գաթայի փառատոններ էլ ենք ունեցել, բոլորին մասնկացում եմ և փորձում եմ պահպանել հայ ազգային ավանդույթները»,-ասում է Գառանյանը։

20542933_10210232200425353_1166198924_o35-ամյա Կարինե Միրզոյանն էլ Էջմիածնից է, ամուսնացել է Բաթումիում և արդեն 15 տարի ապրում է այստեղ ու հարմարվել է նաև այստեղի խոհարարական քմահաճույքներին․

«Թփով տոլման այստեղ այնքան էլ մեր իմացած թփով տոլման չէ, այստեղի խաղողի թուփը մի քիչ կոշտ է և այդքան էլ հարմար չէ տոլմայի համար, ուստի ստիպված թփի փոխարեն փխալի եմ օգտագործում, որն ունի թփի տեսք ու նույնպես շատ համեղ է»։

Տոնական միջոցառմանը ներկա հյուրերը սիրով համտեսեցին ներկայացված տեսականին, իսկ հրավիրված երեք հմուտ խոհարարները ոչ միայն համտեսեցին, այլև դիտարկեցին սեղաններն ու իրենց գնահատականը տվեցին։ Ու թեև նախապես որոշված էր ունենալ մեկ հաղթող, սակայն բարդ ընտրությունից հետո հաղթողները դարձան երեքը։

20374576_1714370708872886_7101695231549325651_n«Վատ բաղադրատոմս չի լինում, կա լավ, ավելի լավ ու լավագույնը, մենք ընտրեցինք ու պարգևատրեցինք լավագույններին՝ հաշվի առնելով իրենց պատրաստած տոլմայի արտաքին տեսքը, մատուցման ձևն ու համը»,-ասաց ժյուրիի անդամներից Մարատ Թորոսյանը։

Միջոցառման հաղթողներից 54-ամյա Սվետլաննա Զաքարաձեն Քաջարանից է, ամուսնացել է ու արդեն 30 տարի ապրում է Բաթումիում։

«Պատրաստել եմ երկու տեսակի տոլմա․ Սյունիքի՝ բրնձով և թփով, մյուսը՝ մսով։ Ուրախ ու հուզված եմ, որ հենց ինձ ընտրեց ժյուրին։ Ամենակարևորը սիրով, բարձր տրամադրությամբ աշխատելն է, այդ դեպքում ամեն բան էլ համեղ կլինի»։

Այս միջոցառման մասնակիցներից ոմանք արդեն վաղը մասնակցելու են Բաթումիում կազմակերպվող ուտեստների միջհամայնքային փառատոնին։

Թողնել պատասխան