Զաալ Ուդումաշվիլին հեռանում է «Ռուսթավի 2»-ից

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխտնօրեն, «Կուրիեր» լրատվականի հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին հրաժեշտ է տվել  գործընկերներին ու հեռուստադիտողին:

«Որպես «Կուրերի» հաղորդավար՝ սա իմ վերջին կոչն է հեռուստադիտողին:  Ես դադարեցնում եմ 25-ամյա հեռուստատեսային կարիերան: Հեռուստացույցի էկրանը մեզ այլևս չի բաժանի: Որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ: Որպես լրագրող այս տարիների ընթացքում ես ձեր ամենօրյա հյուրն եմ եղել, փոխանցել եմ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվություն: Սակայն, ժամանակն է եկել, որ մտնեմ ակտիվ քաղաքականութուն՝ իմ ներդրումն  ունենալու երկրում ընդհանուր քաոսի, մեկ մարդու իշխանությունը դադարեցնելու դեմ պայքարում»,-Ռուսթավի 2-ի ուղիղ եթերում ասել է Ուդումաշվիլին:

Նա վստահեցրել է, որ պայքարի փորձ ունի և պատրաստ է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «պարտության մատնել Իվանիշվիլիի (իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ-խմբ․)  կոռումպացված և հակաժողովրդավարական ռեժիմին»:

Հիշեցնենք՝  Զաալ Ուդումաշվիլին օրեր առաջ հաստատել էր, որ Կիևում վերջերս հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սահակաշվիլիի հետ՝ նրանից ստանալով Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն առաջադրելու առաջարկ:

Թողնել պատասխան