Թբիլիսիի «Դինամո» ստադիոնի փողոցային առևտուրն արգելվել է (տեսանյութ)

Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է չարտոնված վայրերում առևտրի դեմ պայքարը:

Այս անգամ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները հեռացրել են «Դինամո» ստադիոնի հարակից տարածքի բոլոր տաղավարները, հատուկ հեղուկի օգնությամբ մաքրվել է հայտնի պոետ Ակակի Ծերեթելիի կիսանդրին՝ համանուն պողոտայում: Բացօթյա առևտրով զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ այլևս բաց տաղավարներում առևտուր կազմակերպելու իրավունք չեն ունենալու, նրանց առաջարկվել է տեղափոխվել քաղաքի շուկաներ, քաղաքապետարանը կես տարի ժամանակով արտոնություններ է խոստացել առևտրականներին, օրինակ՝ հարկերից ազատում:

Սա մայրաքաղաքի կենտրոնական հատվածներն առևտրային տաղավարներից մաքրելու արդեն երկրորդ դեպքն է, փողոցային առևտրի դեմ պայքարը սկսվել էր մետրոյի Մարջանիշվիլիի կայարանի հարակից տարածքից: Չնայած փողոցային առևտրով զբաղվողներն արդեն մի քանի բողոքի ակցիա են անցկացրել, քաղաքապետարանը մտադիր է շարունակել կոշտ միջոցները՝ կենտրոնական փողոցներում առևտուրը բացառելու ուղղությամբ:

Փողոցային առևտուրը Վրաստանում պաշտոնապես համարվում է վարչական իրավախախտում, որի համար նախատեսված է 20-50 լարի տուգանք, իրավապահների պահանջներին չենթարկվելու դեպքում՝ 100 լարի, կամ ազատազրկում՝ 7 օր ժամկետով:

Թողնել պատասխան