Աբխազիայի երկաթգծի բացումը դավաճանություն կլինի. Ն. Ռուռուա

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գտնում է, որ աբխազական երկաթգծի վերագործարկման դեպքում կբացառվի ինչպես Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, այնպես էլ փախստականների վերադարձը և չճանաչման քաղաքականության պահպանումը: Կուսակցության դիրքորոշման մասին խոսել է «ՄԱՇ»-ից Նիկա Ռուռուան: Նա մասնավորապես ասել է, թե ՀՀ վարչապետի վրաստանյան այցից հետո հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Կարապետյանն ու Կվիրիկաշվիլին խոսել են աբխազական երկաթուղու վերագործարկման մասին: Կասկածների տեղիք է տվել Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս մասին, որը հաստատվել է հայկական և ռուսական լրատվամիջոցների կողմից ևս: Խոսքը Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհի բացման մասին է: Կարապետյանը Թբիլիսիում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Լարսին այլընտրանք լինելու է:

«Աբխազիայի երկաթուղու բացումը մահացու հարված է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, դա կբացառի նաև Վրաստանի ինքնիշխանության վերահաստատումը: Այդ ճանապարհի բացումը՝ պետական դավաճանության ակնհայտ դրսեւորում է, թշնամական քայլ, որը ձեռնտու է միայն Ռուսաստանին ու անջատողականներին: Միաժամանակ դա մեզ համար տնտեսական դրության վատթարացում է, կթուլանա Փոթիի նավահանգստի բեռաշրջանառությունը, կփչացնի Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- վստահ է Ռուռուան:

Հիշեցնենք, որ նախօրեին այս թեմայով հաղորդում է հեռարձակել նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող  «Ռուսթավի 2»-ը՝ հիշեցնելով, որ 2013-ին  Վրաստանի  նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով անցնող՝  Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթգծի վերագործարկումը չի բացառվում:

Թողնել պատասխան