Ապրիլի 12-ի` Վրաստանի մամուլի տեսություն

  • Ապրիլի 12-ին Վրաստանյան մամուլն  ամենաշատն անդրադարձավ «Freedom house»-ի ամենամյա զեկույցին: Զեկույցի`  Վրաստանին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայում տեղի ունեցող քաղաքական քննարկումներն ու փոփոխությունները բազմակարծության մասին են վկայում: Ամերիկյան հեղինակավոր կազմակերպության զեկույցում նաև խոսվում է այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է ղեկավարել «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը:
  • Հաջորդ` ոչ պակաս լուսաբանվող «NDI»-ի` Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքների շուրջ քննարկումները վրացալեզու մամուլում չեն դադարում: Մասնավորապես`  զեկույցին է անդրադարձել «Կովկասյան ժողովուրդների կոնֆեդերացիայի» կազմակերպության ղեկավար Զաալ Կասրեշվիլին` հրապարակումը անհուսալի որակելով: Նրա համար անհասկանալի է, թե ինչպես է տարածքային ամբողջականության սկզբունքը գրավում զեկույցի 5-րդ տեղը, երբ երկրի բնակչությունը ամենակարևոր մարտահրավեր է համարում տարածքային ամբողջականության խնդիրը: Զեկույցին է անդրադարձել նաև «մարդու իրավունքների պաշտպանների ասոցիացիա»-ի ղեկավար Ալեքսանդրե Կոբաիձեն: Նրա խոսքերով`  ուսումնասիրությունը սխալ է ձևակերպված, քանի որ երկրի համար ամենակարևոր հարցերը, այդ թվում նաև անվտանգության խնդիրը, չի քննարկվել:  Իր հերթին Զաալ Կասրեշվիլին ուսումնասիրությունը որակել է որպես նախընտրական շահարկում.  «Չեմ հասկանում ուսումնասիրության իմաստը: Դատելով արդյունքներից` դրանք քաղաքականացված են և չեն արտացոլում բնակչության համարժեք տրամադրությունը»,- հայտարարել է նա:
  • Վրաստանյան մամուլը անդրադարձավ նաև Գիորգի Կվիրիկաշվիլիի`   Միացյալ Արաբական էմիրություններ  այցին: Ներկայացվեց Վրաստանի վարչապետի` Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահիանի հետ հանդիպումը: Հրապարակումների համաձայն` կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները: Աբու Դաբիի թագաժառանգը հայտարարել է, որ հետաքրքրված է Վրաստանով և պատրաստ է ներդրումներ իրականացնել այդ երկրում: Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ներդրողների համար պաշտպանված, մրցունակ ու անվտանգ միջավայր է առաջարկում:
  • Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսորները հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են ռեկտոր Արչիլ Փրանգիշվիլիի, վերջինիս աշխատակազմի ղեկավարի և գիտխորհրդի հրաժարականները: Հացադուլավորները հայտարարել են, որ կշարունակեն իրենց հացադուլը` այնքան ժամանակ,  քանի դեռ իրենց բոլոր պահանջները բավարարված չեն:
  • «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի,` Միխեիլ Մաճավարիանիի խոսքերով`  Վրաստանի տնտեսական իրավիճակը ավելի է վատացել: Վրաստանում տնտեսության աճի տեմպը վերջին 5 տարիների համեմատ նվազել է. «Երկու ամսվա տնտեսական աճը 1,7 տոկոս է, պատմական առավելագույնին է հասել երկրի արտաքին պարտքը` կազմելով 15 մլրդ ամերիկյան դոլար: Գնաճը կազմում է 5.6%, մինչդեռ ազգային արժույթի արժեզրկումը 40%-ի է հասել»,- հայտարարել է Մաճավարիան:
  • Մամուլում խոսվեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլուդ Չավուշօղլուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ՄԱԿ-ի բանաձևերի և իսլամական համագործակցության կազմակերպության շրջանականերում խորհրդակցական խմբի ստեղծում է պահանջում: «Անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան խնդիրը ` ամենակարճ ժամանակահատվածում` հիմնվելով ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նրա ինքնիշխանության սկզբունքների վրա: Այս տեսանկյունից Իսլամական համագործակցության կազմակերպության նախաձեռնության անհրաժեշտություն կա: Կարծում եմ` շատ կարևոր քայլ է կազմակերպության շրջանակներում ստեղծել կոնտակտային խումբ»,-  հայտարարել է նախարարը:

Թողնել պատասխան