Ղարաբաղա-արբեջանական հակամարտության զարգացումները լայն արձագանք են ստացել Վրաստանում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-արբեջանական շփման գծում սկիզբ առած մարտական գործողությունները եւ դրանց  հետեւած քառօրյա պատերազմը հրադադարի ռեժիմի հասավ ապրիլի 5-ին:

Հակամարտությանը Վրաստանում անդրադարձան ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ և փորձագետներ, այնպես էլ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը, Վրաստանի խորհրդարանի` ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, ինչպես նաև զորակցության ցույցեր կազմակերվեցին Թբիլիսիում եւ մեծամասամբ ադրբեջանաբնակ Մառնեուլիում:

Նշվածներից հատկապես հատկանշական է ներկայում ընդդիմադիր`  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի հայտարարությունը, ով  հայտարարեց, թե ստեղծված իրավիճակում պետք է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ավելին`  պատգամավորը 150 հոգուց բաղակացած գումարտակի մոբիլիզացիա պահանջեց, որը 2008 թվականին կռվել է Ռուսաստանի դեմ:

Իր խոսքերով` գումարտակը, որը ձեւավորված է եղել հիմնականում վրաստանաբնակ ադրբեջանցիներից, պետք է պատերազմական գործողություններին մասնակցեր Ադրբեջանի կողմից:

Խնդրին անդրադարձավ նաեւ հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով խոսելով «Իմեդի» հեռուստաընկերության հետ հայտարարեց`  «Չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերոջ հայտարարությունը, սակայն եթե հարցը հասել է այդ մակարդակին, ապա Վրաստանում ապրում են նաև ազգությամբ հայեր, ովքեր  անարձագանք չեն թողնի Սուլեյմանովի հայտարարությունը: Կարծում եմ, որ սա ճիշտ քայլ չէր, սակայն եթե նա (Սուլեյմանովը խմբ.) ուզում է կենդանի վահան դառնալ, ապա դա իր գործն է»:

Նշենք նաեւ,  որ Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության հայ և ադրբեջանցի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը համատեղ հայտարարություն են տարածել`  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

 «Կոչ ենք անում Վրաստանի բնակչությանը և հատկապես ազգությամբ հայերին ու ադրբեջանցիներին հանգստություն պահպանել և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել Վրաստանի տարածքում այս երկու ժողովուրդների ներկայացուցիչների`  համատեղ խաղաղ կյանքի բազմադարյա ավանդույթին: Վրաստանը մշտապես աչքի է ընկել իր բազմամշակութային հարստությամբ և հարևան երկրների հետ բարի-դրացիական հարաբերություններով: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է` աջակցել այս ավանդույթների պահպանմանը»:

 Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում էր.

«Ստացված լրահոսի վերլուծությունը մեզ հիմք է տալիս հայտարարել, որ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ տեղի ունեցող իրադարձություններին սխալ գնահատական են տալիս, այս կերպ սխալ կարծիք ստեղծելով: Այդ իսկ պատճառով Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հարկ է համարում ևս մեկ անգամ հայտարարել, որ վերջին շրջանում հայկական կողմը առաջնագծում հանդես է գալիս սադրիչ գործողություններով: Ամեն անգամ, երբ միջազգային հանրության աջակցությամբ ներկայացվում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն, հայկական կողմը սադրիչ գործողություններ է սկսում: Այս անգամ ևս նրանք կրակ են բացեցին խաղաղ բնակիչների ուղղությամբ, օգտագործելով խոշոր տրամաչափի զինտեխնիկա»:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նաև նշել է, թե ի պատասխան հայկական կողմի` Ադրբեջանի զինված ուժերը գրավել են այն բարձունքները, որտեղից հայերը կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ:

Հարկ է նշել, որ քառօրյա պատերազմի ընթացքում եւ հետո, Վրաստանում ՀՀ դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաեւ հայկական համայնքային եւ հասարակական կազմակերպությունները խնդրի վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:

Թողնել պատասխան