Առանց դեղատոմսի դեղամիջոցներ վաճառող դեղատներին խիստ պատիժ է սպասվում

Առանց  դեղատոմսի  հոգեմետ դեղամիջոցներ  տրամադրող  դեղագործների մասնագիտական գործունեությունը կարող է կասեցվել: 

Newsgeorgia –ի փոխանցմամբ`  այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի  աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիդ Սերգեյենկոն: Նրա խոսքով` Նախարարությունը պատրաստվում է  նման կարգավորում ներկայացնել Կառավարության առաջիկա նիստի քննարկմանը:

Գործունեության սահմանափակումը  որպես պատժամիջոց կավելանա տուգանքներին, որոնք օրենքը նախատեսում է առանց դեղատոմս դեղամիջոցներ տրամադրող դեղատների համար: Սերգեյենկոն նշել է, որ ի հեճուկս օենսդրական արգելքի, վերջին ժամանակներում որոշ դեղատներ դեռ շարունակում են առանց դեղատոմսերի  դեղամիջոցներ  տրամադրել: Գործող օրենքն առանց դեղատոմս հոգեմետ դեղեր տրամադրող դեղատների համար տուգանքից բացի որևէ այլ պատժամիջոց չի նախատեսում:

Նախարարը սպասվող փոփոխությունների մասին հայտնել է  տեղական դեղագործական ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում արգելվում է առանց դեղատոմս քնաբեր, սեդատիվ, հակաքաղցկեղային միջոջներ, հակադեպրեսանտներ և իմունոմոդուլյատորներ վաճառել, բացառություն են կազմում բուժիչ բույսերի հիմքով պատրաստված դեղերը:

Առանց դեղատոմս չի կարելի վաճառել նաև  համակարգային կիրառման հակամիկրոբային միջոցներ, Պարկինսոնի հիվանդության, շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղամիջոցներ, հակաալերգիկ  ներարկային միջոցներ, սրտի գլիկոզիդներ, առիթմիայի և հիպերտենզիայի դեմ միջոցներ, ինչպես նաև ներարկային դեղամիջոցների որևէ տեսակ:

Թողնել պատասխան