Դիմորդների համար լավ պայմաններ ստեղծելու բարեփոխումները շարունակվում են. Միմինոշվիլի

Վրաստանում այսօր մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։

Հուլիսի 2-26-ն ընկած ժամանակահատվածում ընդունելության քննություններին ընդհանուր առմամբ 3900 դիմորդ կմասնակցի։ Առաջին քննությունը վրաց լեզու և գրականություն առարկայից է:

Այս տարի թվով 22 քննական կենտրոնները գործելու են մայրաքաղաքի հանրային դպրոցներում։ Այսօր Թբիլիսիի թիվ 175 հանրային դպրոցում տեղակայված քննական կենտրոն են այցելել  Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին և գնահատման ու քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին:

Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ շարունակում են աշխատել դիմորդների համար քննությունների հանձնման պայմանների բարելավման ուղղությամբ: Շոգ եղանակով պայմանավորված՝ մի շարք փոփոխություններ են կատարվել միասնական ազգային քննությունների ժամանակացույցում։ Ըստ այդմ, հուլիսի 2-ին, ժամը 14:00-ին նշանակված վրաց լեզու և գրականություն առարկայի քննությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին (առավոտյան ժամը 9-ին): Հուլիսի 5-ին նշանակված «ընդհանուր ունակությունների» առաջին և երկրորդ քննությունները կանցկացվեն հուլիսի 7-ին:

Այս տարի սոցիալական ցանցերում աղմուկ է բարձրացրել քննական կենտրոններում օդորակիչների բացակայության հարցը։ Միմինոշվիլին ավելի վաղ ասել էր, որ օդորակիչներ կլինեն մի քանի կենտրոններում, իսկ ԿԳ նախարար Չխենկելին «Ալիք մեդիայի» հետ զրույցում լրացրել է, որ շաբաթվա վերջին արտասահմանից պատվիրված օդորակիչներով կապահովվեն բոլոր կենտրոնները:

Հարկ է նշել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար 2010 թվականից գործում է «1+4» արտոնյալ ծրագիրը, ինչը հնարավորություն է տալիս մայրենի լեզվով մեկ քննությամբ («ընդհանուր ունակություններ») ընդունվել նախապատրաստական կուրս, որից հետո ընտրել պետական բուհի բակալավրիատի ցանկացած բաժին։

Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղի թիվ 2 դպրոցի շրջանավարտ Անժելա Մալխասյանը պատրաստվում է օգտվել ազգային փոքրամասնություններին տրված արտոնությունից: Ասում է՝ «ընդհանուր ունակություններ» առարկայի քննությանը պատրաստվում է հոկտեմբեր ամսվանից։

«Սկզբում մտածում էի 4 քննություն հանձնել, բայց հետո մտքափոխվեցի. Ընտրել եմ ճարտարապետության ֆակուլտետը, եթե 4 քննություն հանձնեի, ապա պետք է  նաև գծագրություն և նկարչություն առարկաներից հարցազրույցի մասնակցեի։ Կարծում եմ, որ մեկ քննություն հանձնելը լավ հնարավորություն է, որը մեծացնում է նաև անվճար ընդունվելու հավանականությունը»,-ասում է Անժելան։

Հատկանշական է, որ վերջին տարիներին 4 քննությամբ, Վրաստանի այլ քաղաքացիների (ում մայրենի լեզուն վրացերենն է) հետ հավասար մրցակցելու ցանկություն ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվն ավելանում է։

Անժելայի քույրը՝ 3-րդ կուրսի ուսանող Լամարա Մալխասյանը, ինչպես նաև 2-րդ կուրսի ուսանող Ջիվան Մկրտչյանը, համալսարան են ընդունվել՝ վրացերենով հանձնելով 4 քննություն և պետության կողմից 100 տոկոս ֆինանսավորում են ստանում:

Թողնել պատասխան