Երևանի ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ (Տեսանյութ)

Նախօրեի երեկոյան Երևանի Պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում իրավիճակը սրվել է: Ոստիկանությունը հայտարարեց, որ զինված խմբի կողմից գրավված տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվել տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը:  Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և գնդի տարածքը գրաված` «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:  ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

«Սասնա ծռեր»-ը հակադարձում է պաշտոնական  այս տեղեկատվությանը` նշելով, որ վերջիններս ոչ թե հանձնվել, այլեւ` առևանգվել են. «Գրոհ չի եղել, այլ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկ Մանուկյանը, ոստիկանությունը կրակ է բացել: Պավլիկ Մանուկյանը վիրավորվել է,  որդին վազել է դեպի հայրը և վիրավորվել: Մյուս երկու տղաները պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է »,-հայտնել է զինված խումբը:

pavlik-320x228Վիրավորները տեղափոխվել են բանտարկյալների հիվանդանոց, որտեղ վիրահատության են ենթարկվել: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, ոստիկանի վիճակը միջին ծանրության է: ՊՊԾ գնդի տարածքում շարունակում են վիրավորներ մնալ:

inchpes-en-hospitala-n88476-1Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանց բուժօգնություն ցուցաբերելու համար գնդի տարածք մտած բժիշկները պատանդ են վերցվել: Ի պատասխան`  զինված խմբից հայտնել են, որ բժիշկներին բաց կթողնեն այն դեպքում, երբ ՀՀ Առողջապահության նախարարն  անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տվյալներով` գիշերը ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 64 քաղաքացի՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով։ Նրանցից  63-ն   ազատ է  արձակվել։ Մի շարք լրատվամիջոցներ և անհատներ, սակայն,  պնդում են, որ նշված քաղաքացիների գտնվելու վայրի մասին հարազատները որեւէ տեղեկություն չունեն, շատերի հեռախոսներն անջատված են,  կապ հաստատել չի հաջողվում:

Միաժամանակ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին զինված խմբին աջակցելու մեղադրանքներ առաջադրել:

Լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում բնակիչները կոչ են անում կրկին բողոքի դուրս գալ:

Ստորև` Ոստիկանության հրապարակած գնդի տարածքի փոխրաձգության տեսանյութը:

Թողնել պատասխան