Պաշտոնաթող է եղել Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի տնօրենը

Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը ազատվել են պաշտոններից: Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության  նախարար Միխեիլ Գիորգաձեն:

Նրա խոսքով` թատրոնի տնօրեն  Ալեքսանդր Մոծոնելիձեն աշխատանքի ազատման դիմումն արդեն ներկայացրել է, գեղարվեստական ղեկավար Դավիթ Կինծուրաշվիլիի դիմումին դեռ սպասում են:

 «Ալեքսանդրե Մոծոնելիձեն` հաշվի  առնելով մեր առաջարկությունը, դիմում է գրել: Գեղարվեստական ղեկավարը դեռեւս չի ներկայացրել իր դիմումը և այդ պատճառով հրամանն արդեն  տրվել է: Այն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից: Նաեւ հրաման կա  ուսումնասիրել  թատրոնում տիրող  իրավիճակը:  Բնական է, այդ ժամանակահատվածում պատասխանատու անձի առկայությունն անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով Ալեքսանդրե Մոծոնելիձեն ժամանակավորապես  կիրականացնի տնօրենի պարտականությունները»:

Ինչ վերաբերում է նոր տնօրենին, Գիորգաձեն նշել է, որ նախարարությունը դեռ պետք է հարցի շուրջ քննարկում անցկացնի, որի արդյունքները  կներկայացվեն  հանրությանը:

Թողնել պատասխան