Թիֆլիսի «իտալահայը». Ջովաննիի ցուցահանդեսն առանց նկարչի

Ջովաննին Վեփխվաձե նկարիչների գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչն էր: Նա սիրված է այն բոլոր մարդկանց կողմից, ովքեր սիրում են Թիֆլիսը, քանզի արվեստագետի գուցե ամենախոշոր ասելիքը հենց հին Թիֆլիսն է ներկայացրել: Նրան շատերը համարում էին Թիֆլիսի կոլորիտը իր մեջ կրող և իր կտավներին փոխանցելու յուրահատուկ ունակություն ունեցող վարպետ:

Բացի XIX դարի Թիֆլիսից, Ջովաննին սիրում էր իտալական մշակույթը` այն համարելով իրեն ամենահարազատ մշակույթը ու թերեւս հենց այդ պատճառով է երեխաներին Բրունո և Դոմենիկա անվանել, իսկ թոռնիկներին Վինչենցո և Ամադեո: Ասում են` նա նաև սիրում էր «փախչել» XVII դարի Իտալիա…

15134237_1487553381274804_430066096_n

Նոյեմբերի 15-ին Թբիլիսիում կայացած Ջովաննիի ցուցահանդեսին ներկա էր նաեւ թիֆլիսահայերի հոծ բազմություն: Թիֆլիսում ծնված իտալացի-վրացին հայաբնակ թաղամասում է մեծացել ու հայերի հետ հատուկ ներքին կապեր ուներ… Բոլորն էին ցավով նշում, թե ինչ կորուստ է ունեցել վրացական մշակույթը ընդամենը մեկ տարի առաջ, երբ վարպետը գնաց:

«Մեզ համար մեծ ցավ է, որ Ջովաննին այստեղ չէ, մեծ արվեստագետ, մեծ նկարիչ, մեծ քաղաքացի և մեծ հայասեր: Գիտեմ, որ իր մայրական կողմը շատ մոտ էր հայերի հետ, հայությունը միշտ եղել է այս ընտանիքում: Երբ նրան տեսնում էի Ռուսթավելի պողոտայի վրա, դա ինձ համար մեծ ուրախություն էր, զգում էի, որ քաղաքը կա իր կոլորիտով հանդեձ»,— ասում է Թիֆլիսահայ Արմեն Մովսիսյանը:

Վիրահայ նկարչուհի Ալլա Անտոնյանը հատկանշական է համարում Ջովանիի ավանդը վրացական մշակույթում: «Ջովաննիին ճանաչել եմ անձամբ: Նա ինձ համար փայլուն նկարիչ էր և հրաշալի անձնավորություն: Շատ քչերը ունեն նման ավանդ Վրաստանի մշակույթում»:

0_4fbcd_51fae9dc_lՀոր ձեռքերով անմահացրած որդու՝ Բրունոյի դիմանկարը այնքան մոտ է իրական պատկերին, որ հեշտությամբ կարելի էր ճանաչել նրան ամբոխում: Համեստ երիտասարդը, ով հպարտությամբ շարունակում է հոր և նախնիների գործը, արդեն աշխարհի 100 լավագույն երիտասարդ նկարիչների շարքում է.

«Մեկ տարի առաջ հենց հորս՝ Ջովաննիի մտահաղացումն էր այս ցուցահանդեսը կազմակերպելը, սակայն նա այսօր այլևս մեզ հետ չէ: Մենք՝ իր ընտանիքի անդամները, որոշեցինք ավարտին հասցնել սկսած գործը: Մի փոքր փոխել ենք ցուցահանդեսի իմաստը` այն դարձնելով Ջովաննիի անձնական ցուցահանդեսը: Փորձել ենք ներկայացնել իր կերպարը: Նա տարբեր ժանրերում է նկարել, բայց կառանձնացնեմ «Հին Թիֆլիսը», որը իր սիրելի ուղղություններից էր: Հաճախ էր նկարում տարբեր պատմական վայրեր, սա նրանից է, որ վախ ուներ, թե մի օր հնարավոր է անհետանա իր Հին Թիֆլիսը»:

Տղան պատմում է, որ հոր երկրորդ սիրելի ուղղությունը նատյուրմորտներն էին:

15058659_1487553171274825_928285334_n«Այս ժանրի յուրաքանչյուր աշխատանքին նա հատուկ ուշադրությամբ է մոտեցել: Նկարներում ներկայացված իրերի մի մասը ընտանեկան մասունքներ են»,— ասում է Բրունոն: Ինչպես նշում է նկարչի որդին՝ ցուցահանդեսը Ջովանին ցանկանում էր անցկացնել երաժշտական թեմատիկայով, սակայն կյանքից հեռանալուց հետո, որոշել են նրա անձնական ցուցահանդեսը կազմակերպել: Բրունոն ավելացնում է, որ ցուցահանդեսին ներկայացված «Հին Թիֆլիսի պանորամա» կտավը Ջովանին նկարել է 6 ամիս անընդմեջ, այդ աշխատանքի հետ կապված հիշում է նաև մի հետաքրքիր դրվագ.

«Կտավի վրա մնացել էր ազատ տեղ, որը չգիտեր ինչպես լրացնել: Նա այդ տարածքում նկարեց տներ և այն կոչեց «Ջովանթուբանի» այսինք Ջովաննիի թաղ: Սա այն տեղն է, որը իրականում գոյություն չունի Թբիլիսիում»:

«Ինձ համար այսօր և ուրախ և տխուր օր է, ցավում եմ, որ պարոն Ջովաննին ներկա չէ իր ցուցահանդեսին, նա այնքան կոլորիտային մարդ էր, որ թվում է, թե հիմա այստեղ իր շունչն է ճախրում: Հետաքրքիր նկարչական գերդաստանի ներկայացուցիչ էր և կարծում եմ, որ այսօր իր որդին ըստ արժանվույն շարունակում է հոր գործը: Նա նկարել է այն Թիֆլիսը, որը մենք ամենաշատն ենք կարոտում` ապագա սերնդի համար պահպանելով Թիֆլիսը: Չեմ կարող չնշել նրա վրձնի պրոֆեսոնալիզմն ու նուրբ աշխատանքը, ինչը աչք է զարնում ցուցասրահ մտնելուն պես»,— ասում է Վրաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսների ղեկավար Լելա Ծիծուաշվիլին:

15086357_1487553377941471_742277107_nԱյսօր Ջովանի Վեփխվաձեի աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ երկրներում. Վրաստանում, Հայաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հունաստան, Թուրքիա, Ադրբեջանում, Հնդկաստանում և այլուր…

Թողնել պատասխան