Ստորագրահավաք՝ Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջով

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։

Ներկայումս կա ավելի քան 2 000 ստորագրություն: Ստորագրողների թվում են ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։

Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում Միացյալ նահանգների Պետդեպարտամենտին և Եվրախորհրդարանին.

«Պատժամիջոցներ սահմանել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ով օգնում է Ռուսաստանին՝ խուսափելու Պուտինի ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցներից և երկիրը դնում է ռուսական արբանյակ դառնալու վտանգի տակ։ Ի հակադրություն, վրաց ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին և միաձայն աջակցում է Ուկրաինային»։ Ասված է ընդդիմադիր մի շարք գործիչների կողմից նախաձեռնված ստորագրահավաքի մասին հայտարարությունում։

Նշվում է նաև՝ «Ռուս օլիգարխ և «Գազպրոմ»-ի բաժնետեր Բիձինա Իվանիշվիլին կառավարում է Վրաստանը իր խամաճիկ կառավարության միջոցով, որը պաշտոնավարում է ընտրությունների արդյունքները կոպտորեն կեղծելով և բռնությամբ ճնշելով բողոքի ցույցերը»։

Ստորագրահավաքի համաձայն՝ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը մտահոգված է, որ Վրաստանի կառավարությունն աջակցում է Պուտինի քաղաքականությանը։

Նշվում է նաև, որ «Վրաստանի բացահայտ ռուսամետ կառավարությունը» Ուկրաինային աջակցելու փոխարեն բացահայտ քայլեր է ձեռնարկել ի պաշտպանություն Պուտինի ռեժիմի։ Ըստ կազմակերպիչների, այդ իսկ պատճառով Վրաստանի կառավարությունը

  • չմիացավ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին,
  • չի փակել երկինքը ռուսական ինքնաթիռների համար,
  • չունի ծրագիր․ուկրաինացի փախստականներին օգնելու պարտավորությունը ընկել է քաղաքացիական հատվածի և կամավորիների ուսերին
  • թույլ չի տվել վրացի կամավորներին մեկնել Ուկրաինա,
  • չի արձագանքում Վրաստանի քաղաքացիների պահանջին՝ վերացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև միակողմանի առանց վիզայի ռեժիմը և գործել ի շահ պետական ​​անվտանգության,
  • շարունակում է քաղաքական հաշվեհարդարը Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, Զելենսկիի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։

Ըստ ստորագրահավաքի տեքստի՝ Վրաստանը ներկայումս Պուտինի համար ցատկահարթակ է պատժամիջոցներից խուսափելու և փողեր լվանալու համար։