Խորհրդարանը Տատունաշվիլիի մահվան փաստով դիմում է միջազգային հանրությանը

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին և եվրաինտեգրվան հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան միջազգային հանրությանը կոչ են արել արձագանքել Արչիլ Տատունաշվիլիի մահվան խնդրին՝ գնահատական տալով ՌԴ-ի գործողություններին:

«ԵՄ-ի դիտորդական առաքելությանը եւ միջազգային հանրությանը կոչ ենք անում ժամանակին արձագանքել տեղի ունեցածին, որպեսզի պարզ դառնան Արչիլ Տատունաշվիլիի մահվան հանգամանքները եւ անհապաղ ազատ արձակվեն մյուս բոլոր ձերբակալվածները»,-ասված է Թամար Չուգոշվիլիի դիմումում:

Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարը կոչ է անում Եվրախորհրդարանին բանաձեւ ընդունել, որը ևս մեկ անգամ կհաստատի Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ եվրոպական կառույցների աջակցությունը։

«Այս տարի 2008 թ․-ի պատերազմի 10-րդ տարելիցն է։ Այդ առիթով կարեւոր է ԵԽ-ի կողմից նման բանաձևի ընդունումը: Այն պետք է դատապարտի բռնությունը, սադրիչ գործողությունները՝ ՌԴ-ին կոչ անելով կատարել 2008թ․-ին կրակի դադարեցման մասին համաձայնությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները»,-ասված է Թամար Խուլորդավայի հայտարարությունում:

Հիշեցնենք, օրեր առաջ Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին: Վերջինս  ձերբակալվել էր Ախալգորիում՝ «Հարավային Օսիայում ցեղասպանություն իրականացնելու» մեղադրանքով և տեղափոխվել  Ցխինվալի՝ հարցաքննության:

Եվրամիության դիտորդական առաքելությունը հույս է հայտնել, որ Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլիի մահվան պատճառները պարզելու նպատակով անաչառ եւ թափանցիկ հետաքննություն կանցկացվի: ԵՄ-ի դիտորդական առաքելությունը ցավակցել է  ընտանիքին:

Թողնել պատասխան