Հունիսի 21-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանան Կոբախիձեն Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայում արձագանքել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարի զեկույցին:

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Էստոնիայի արտգործնախարարից՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. «Մի քանի րոպեից ԵԽԽՎ-ում կլսենք Էստոնիայի արտաքին գործերի նախարարին: Շնորհակալություն եմ հայտնում նրան և իր կառավարությանը մեր երկրի` եվրաինտեգրման և ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում աջակցելու համար, Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և երկրի ինքնիշխանության լիակատար պաշտպանության պահանջի, ինչպես նաեւ ընդհանրապես օբյեկտիվ ու արդար գնահատականների համար: Նախարարների կոմիտեում Էստոնիան այժմ համանախագահող երկիր է,  և նրա դերը, այլ գործընկերների հետ միասին, չափազանց կարևոր է մեր երկրի համար»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանան Կոբախիձեն:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի նախագահ Սայմոն Միսսարիին: Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքապետարանում, որին ներկա են եղել նաև Վրաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչներ: Դավիթ Նարմանիան Սայմոն Միսսարիին շնորհակալություն է հայտնել` 2015 թվականի հունիսի13-ին Թբիլիսիում տեղի ունեցած աղետի ժամանակ իր կազմակերպության աջակցության համար: Թբիլիսիի քաղաքապետը նաև հայտարարել է, որ քաղաքապետարանը Կարմիր խաչի գրասենյակի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում: Նրա խոսքերով` կարևոր է, որ Վրաստանը Կարմիր խաչին հատկացրել է նոր գրասենյակ,  եւ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակը ընդլայնվում է.«Ակտիվորեն համագործակցում ենք Կարմիր խաչի հետ: Այս համագործակցությունը ներառում է սոցիալական ոլորտում մի շարք համատեղ ծրագրերի իրականացում: Նրանց դերը և ներգրավվածությունը հատկապես կարևոր էր 2015 թվականի հունիսի 13-ի աղետի ժամանակ: Նրանք մի քանի ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատում էին մեզ հետ՝ աղետից տուժածների սոցիալական և հոգեբանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ապագայում ևս սերտորեն կհամագործակցենք նրանց հետ, որպեսզի իրականացնենք հետաքրքիր նախագծեր և ծրագեր»,—  հայտարարել է Դավիթ Նարմանիան:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հունիսի 20-ին Հայաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում և Հնդկաստանում դեսպաններ է նշանակել: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գիորգի Սագանելիձեն: Վերջինս պաշտոնը կզբաղեցնի հուլիսի 1-ից: 2016 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոն կզբաղեցնեն Եգիպտոսում՝ Ալեքսանդրե Նալբանդովը, Շվեդիայի թագավորությունում և Ֆինլանդիայի հանրապետությունում՝ Մալխազ Կակաբաձեն, իսկ Հնդկաստանի հանրապետությունում` Արչիլ Ձուլիաշվիլին:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի արտաքին գործերում աշխատել է սկսել դեռեւս 1998 թվականից: 2005-2008 և 2013-2015 թվականներին Հայաստանում Վրաստանի փոխդեսպան է հանդիսացել:

Եգիպտոսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրե Նալբանդովը, 2008 թվականի դեկտեմբերի 12-ից 2011 թվականի հունվարի 5-ը զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 2011 թվականի մարտի 2-ից` 2014 թվականի մայիսի 1-ը, հանդիսացել է Սլովակիայում և Սլովենիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: 2014 թվականի մայիսի 1-ից` 2016 թվականի ապրիլի 7-ը, Սլովակիայի հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ալեքսանդրե Նալբանդովին արտակարգ և լիազոր դեսպանի բարձրագույն դիվանագիտական աստիճանը շնորհվել է 2014 թվականին:

Շվեդիայի թագավորությունում և Ֆինլանդիայի հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մալխազ Կակաբաձեն, 1990-1998 թվականներին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 1998-2000 թվականներին, Ռուսաստանի դաշնությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Մալխազ Կակաբաձեին արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը շնորհվել է 1993 թվականին:

Հնդկաստանի հանրապետությունում Վրաստանի դեսպան Արչիլ Ձուլիաշվիլին 1995 թվականին սկսել է աշխատել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: 2011- 2016 թթ. եղել է Եգիպտոսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2016 թվականի հունվարից հատուկ հանձնարարություններով դեսպան: Արչիլ Ձուլիաշվիլիին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական բարձրագույն աստիճանը շնորհվել է 2015 թվականին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ`  Վրաստանի Մցխեթա և Հայաստանի Էջմիածին քաղաքների միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր: Հունիսի 17-20-ը Մցխեթայում է գտնվել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը` 2015 թվականին կնքված հուշագրի շրջանակներում, Վրաստանի և Հայաստանի երկու հնագույն քաղաքների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումն է եղել: Մցխեթայի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիծվերաձեն և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշել են, որ համաձայնագիրը կնպաստի համագործակցության խորացմանը` զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ:

Թողնել պատասխան