Մարջանիշվիլիի անվան թատրոնը «գեղարվեստական եվրոպայի» մրցույթի ֆինանսավորում է ստացել

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության հարցերով նախարար Միխեիլ Գիորգաձեն, մշակույթի ենթանախագծում հաղթած ծրագրերի հեղինակ Կոտե Մարջանիշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Էկատերինե Մազմիշվիլին եւ միջազգային վավերագրական կինոփառատոնի` «Cinedoc Tbilisi»-ի տնօրեն Արչիլ Խեթագուրին լրագրողների հետ կիսվեցին 2015 թվականի մրցույթի արդյունքներով:

Մրցույթի արդյունքների համաձայն` Մարջանիշիվիլիի անվան թատրոնը ֆինանսավորում է ստացել`  եվրոպական թատերական ցանցի (European Theatre Convention) հետ համագործակցելով: Մրցույթի հաղթող ճանաչված` «Եվրոպայի թատերական լաբորատորիա թատրոնը հանդիպում է նոր տեխնոլոգիաների հետ» խորագրով նախագիծը իրականացվելու է գործընկեր թատրոնների հետ: Գործընկերների թվում են Գերմանիայի, Ֆրանսիայի Թատրոնները եւ Թբիլիսիի Մարջանիշվիլիի անվան թատրոնը:

Ծրագիրն իրականացվելու է 2 տարվա ընթացքում, բյուջեն կազմելու է 200.000 եվրո: Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարն  Ալիքի հետ զրույցում դրական գնահատեց վրացական կազմակերպությունների աշխատանքը.

«Անցյալ տարի Վրաստանը դարձավ Գեղարվեստական Եվրոպա ծրագրի անդամ: Այս ծրագիրը ստեղծված է Եվրամիության անդամ երկրների համար: Մշակույթի նախարարությունը սրանով հնարավորություն ստացավ եվրոպական գործընկերների հետ համատեղ ֆինանսավորում ստանալ: Այսօր ներկայացրինք  այս պտուղները: Սա ապացույցն է նրա, որ համապատասխան ցանկության եւ աշխատանքների արդյունքում հնարավոր է հասնել այսպիսի մեծ հաջողությունների»:

«Եվրոպայի թատերական լաբորատորիան» թատերական լեզուն առցանց տարածք տեղափոխելու առաջին փորձն է: Ծրագրի շրջանակներում թատրոններ կհամագործակցեն 6 երկրներից եւ նոր տեխնոլոգիաների միջոցով կփորձեն հարստացնել թատերական լեզուն` վիրտուալ տարածքում :

Մյուս ծրագիրը, որը գեղարվեստական Եվրոպայի շրջանակներում է ֆինանսավորվել, «Cinedoc Tbilisi» միջազգային կինոփառատոնն է: Սա Թբիլիսիում առաջին կինոփառատոնն է, որը ենթածրագրի շրջանակներում 27 000 եվրոյի չափով գումար է շահել: Միջազգային վավերագրական ֆիլմերի «Cinedoc Tbilisi»-ի տնօրեն Արչիլ Խեթագուրին հաղթանակը խթան է համարում փառատոնի ապագա զարգացման համար:

«Cinedoc Tbilisi»-ն  այս տարի առաջին անգամ է մասնակցել մրցույթում, քանի որ նման հնարավորություն առաջին անգամ էր ընձեռնվում: Այս մրցույթում հաղթանակը մի կողմից անսպասելի, մյուս կողմից խթան է, էլ ավելի ակտիվ աշխատելու համար: Անկախ ենք մասնակցել մրցույթին, եւ կարծում եմ, որ սա շատ կարեւոր քայլ է` փառատոնի զարգացման համար:»

Հատկանշական է, որ Վրաստանը Եվրամիության արեւելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ դարձել է Գեղարվեստական Եվրոպա ծրագրի մաս: 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի արդյունքում, մշակույթի ոլորտում գործող վրացական կազմակերպությունները` մշակույթի եւ մամուլի ենթածրագրերի կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ եվրոպական գործընկերների հետ համատեղ ֆինանսավորումով գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան:

Թողնել պատասխան