Միլիոն՝ բյուրոկրատիայի համար. Սակրեբուլոյի ընդդիմությունը մեղադրում է Թբիլիսիի քաղաքապետարանին

Թբիլիսիի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները քաղաքապետ Կախա Կալաձեին մեղադրել են վարչական ռեսուրսների ավելացման մեջ:

Ընդդիմությունը երկու հանձնարարական է հրապարակել, որոնցով քաղաքապետարանը 25 արտահաստիքային աշխատակից է նշանակել: «ՄԱՇ»-ի պատգամավոր Մարիկա Դաթուկիշվիլին ասել է, որ հրամանները գրվել են նոյեմբերի 20-ին և 29-ին: Ընդ որում՝ արտահաստիքային աշխատողների աշխատավարձը մոտ մեկ միլիոն լարի է: Դաթուկիշվիլին համեմատական է տարել նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ, ով 625 մարդ էր աշխատանքի ընդունել՝ նրանց հետ աշխատանքային պայմանագիր ձևակերպելով:

«Այդ 25 աշխատակցի ընդհանուր աշխատավարձը մոտ մեկ միլիոն լարի է: Նրանց յուրաքանչյուրի աշխատավարձը 5600, 5200, 5400 և ավելի լարի է: Արդյունքում, այդ միլիոնը մենք՝ թբիլիսցիներս վճարում ենք մեր գրպանից՝ այն մարդկանց, ովքեր կապ ունեն Կալաձեի հետ»,— հայտարարել է պատգամավորը:

Սակրեբուլոյի «Եվրոպական Վրաստան-Թբիլիսի» դաշինքի ղեկավար Գեորգի Գաբաշվիլին ևս քննադատություն է հնչեցրել քաղաքապետարանի հասցեին՝ մեղադրելով բյուրոկրատիայի ավելացման մեջ: Ընդդիմադիր պաշտոնյաները քաղաքային ղեկավարման մեջ աշխատակիցների ավելացման անհրաժեշտություն չեն տեսնում։

«Տեղի է ունենում բյուրոկրատիայի կրկնապատկում: Գոյություն ունեն ծառայություններ, աշխատակիցներ, ծառայությունների ղեկավարներ, որոնք աշխատավարձ են ստանում, բացի այդ, հայտնվում են խորհրդականներ՝  ավելի բարձր աշխատավարձով: Այստեղ հարց է առաջանում՝ եթե այդ խորհրդականներն այդքան անհրաժեշտ են, թող հենց նրանք էլ ղեկավարեն քաղաքապետարանի ծառայությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գաբաշվիլին:

Թողնել պատասխան