ՆԳՆ-ն առգրավել է 9 կիլոգրամ հերոին, 1 կգ 200 գրամ կոկաին և բուպրենորֆին պարունակող 5 000 դեղահատ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թուրք-վրացական Վալե սահմանային անցակետում կանխել է մեծ քանակությամբ թմրանյութերի ներկրումը Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

Ձերբակալվել է Ադրբեջանի մեկ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1 կգ 500 գրամ հաշիշ: Այս հանցագործությունների դեպքում սահմանվում է 8-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Բացի այդ, ոստիկանության թրաֆիքինգի և թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը օդանավակայանում ձերբակալել է Իրանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ առգրավելով 730 գրամ հերոին և 14 հաբ մետադոն: Այս դեպքում նույնպես սահմանվում է 8-ից մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Ոստիկանությունը Իրանի ևս մի քաղաքացու էլ ձերբակալել է մեծ քանակով հաշիշ գնելու մեղադրանքով։ Հանցագործությունը սահմանում է 5-ից 8 տարվա ազատազրկում։

Ձերբակալվածի ավտոմեքենայի խուզարկության ժամանակ առգրավվել է փաթեթավորված հաշիշ, որը ըստ փորձաքննության՝ պարունակում է 1,4823 գրամ տետրահիդրոկանաբինոլ:

ՆԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ հունվարի 1-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ մասշտաբով իրականացրած աշխատանքների արդյունքում առգրավվել է 9 կգ հերոին, 1 կգ 200 գրամ կոկաին, բուպրենորֆին պարունակող 5 000 դեղահատեր և մի շարք այլ թմրանյութեր։

Հիշեցնենք նաև, որ շաբաթավերջին Վրաստանում մի քանի բողոքի ակցիաներ իրականացվեցին թմրանյութային կոշտ քաղաքականության դեմ։ Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը Թբիլիսիի երկու հայտնի ակումբներում ՝ «Բասիանիում» և «Գալերիում» իրավապահները հատուկ գործողություն են անցկացրել՝ դուրս հանելով ակումբում ժամանակ անցկացնողներին: Արդյունքում թմրանյութեր վաճառելու մեղադրանքով ձերբակալվել է 8 անձ, ինչն էլ հենց դարձել է դժգոհության պատճառ։

Թողնել պատասխան