Ուգուլավայի խնդրանքով «Միացյալ ազգային շարժման» նիստը տեղի կունենա հունվարի 13-ին

Թբիլիսի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի խնդրանքով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նիստը տեղի կունենա հւնվարի 13-ին։ Այս մասին «interpressnews» լրատվականին տեղեկացրել է կուսակցության անդամ Իրմա Նադիրաշվիլին:

Վերջինս նշել է, որ նիստի օրակարգն այս պահի դրությամբ դեռ հստակեցված չէ:

Հիշեցնենք՝ «Միացյալ ազգային շարժման» նիստը նախատեսված էր անցկացնել դեռ օրեր առաջ, սակայն ներկուսակցական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի խնդրանքով այն հետաձգվել է:

Նիստի ժամանակ այսպես կոչված Բոկերիա-Ուգուլավա թևերի ներկայացուցիչները քննարկելու են խմբակցության ղեկավար պաշտոնից Նիկա Մելիայի պաշտոնաթող անելու հարցը: Որոշ լրատվամիջոցներ նշում են նաև, որ բացի այդ, նիստի օրակարգում կլինի նաև կուսակցության անվանափոխության հարցը: Ակնկալվում է, որ այդ օրը կուսակցության շարքերը կլքեն ևս մի քանի անդամներ, մասնավորապես խոսքը այն պատգամավորների մասին է, որոնք ընկալվում են որպես կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի թիմակիցներ:

Տեղեկացնենք, որ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ով անցած շաբաթ է բանտից ազատ արձակվել, ասել է, որ կուսակցության ներսում առկա խնդիրները լուծելու նպատակով պատրաստվում է հանդիպել Ուկրաինայում գտնվող Միխեիլ Սահակաշվիլիի հետ։

Թողնել պատասխան