Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Լավրովի այցը Աբխազիա

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխաիլ  Ջանելիձեն սադրիչ քայլ է համարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա:

Ջանելիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ միջազգային հանրությունն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է իր սադրիչ քայլերն ու գործողությունները: Ցավոք, սա բռնագրավված տարածքներ Ռուսաստանի արտգործնախարարի առաջինը այցը չէ: Այցեր են եղել 2008, 2009 և 2011 թվականներին: Այս կերպ (ՌԴ-ն) անտեսում է միջազգային իրավունքը, նորմերն ու սկզբունքները»,- հայտարարել է Ջանելիձեն:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով նախատեսում է ապրիլի 18-19-ը  լինել  Վրաստանի կողմից  չվերահսկվող Աբխազիայում:

Թողնել պատասխան