Մեկ դպրոց՝ երկու «մասնաշենք». հերթափոխով դասապրոցես Փարվանայում

Ջավախքյան լեռնաշխարհի գեղատեսիլ Փարվանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհին, Նինծմինդա քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում բազմաթիվ հոգսերով, կենտրոնից կտրված ու մի քիչ էլ խռոված Փարվանա գյուղը:

Բարձրադիր լինելու պատճառով՝ գյուղում հիմնականում չեն զբաղվում հողագործությամբ կամ 1-2 ընտանիք են ցանքս իրականացնում, այն էլ՝ կարտոֆիլ, ծաղկակաղամբ, բրոկոլի և այս կարգի գյուղատնտեսական ապրանքներ: Գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրը անասնապահությունն է ու խոպանը:

Մոտ 87 ընտանիք ու 386 բնակչություն ունեցող Փարվանայում, սակայն, եկամուտ հայթայթելը միակ խնդիրը չէ, ցավոք: Գյուղը մինչ այժմ գազաֆիկացված չէ. տները հիմնականում գոմաղբով են տաքացնում: Գյուղի հիմնական խնդիրներից է նաև ճանապարհի ու ջրի բացակայությունը: Այս խնդիրներին, սակայն, 2023 թվականի փետրվարից ավելացավ գլխավորը՝ դպրոցի հիմնական շենք չունենալը:

50 աշակերտանոց Փարվանայի 9-ամյա դպրոցի քարե շենքը 2023-ի փետրվարին մասնագետները պատերին առաջացած անցքերի պատճառով վթարային են ճանաչել և արգելել այդ պատերի ներսում դասապրոցես անցկացնել: Վթարային ճանաչելուց հետո դպրոցն անցել է առցանց դասվանդման, որը, ըստ բնակիչների՝ արդյունավետ չէր. կապի և տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են ծագել: Որոշ ժամանակ առցանց դասերից հետո ծնողները բողոքել են քաղաքապետարան և ռեսուրսկենտրոն, որից հետո որոշվել է դասավանդումը վերսկսել դեմ առ դեմ ձևաչափով՝ մեկ փոքրիկ, փայտե տնակում, երեք հերթափոխով (այս տնակը նախկինում դպրոց է եղել- հեղ.), հենց այսպես էլ ավարտում են 2022-2023 ուսումնական տարին:

Փարվանայի վթարային ճանաչված դպրոցի շենքը

2023-2024 ուսումնական տարին ևս նույն տնակում ու նույն հերթափոխով են սկսել: Երեք հերթափոխի պայմաններում ևս բազմաթիվ խոչընդոտների են հանդիպել, մասնավորապես՝ 3-րդ հերթափոխի 7-րդ դասաժամն ավարտվել է երեկոյան՝ ժամը 20:05-ին. 30 րոպեանոց դասաժամում չեն տեղավորվել:

2023-ի դեկտեմբերի 18-ից տնօրինությունը, ռեսուրսկենտրոնի հետ համաձայնության գալուց հետո, փայտե տնակին հարող տարածքում գտնվող քարե տուն է վարձակալել, դասապրոցեսը դարձրել երկու հերթափոխով՝ 30 րոպե տևողությամբ: 

Փարվանայի դպրոցի ռուսաց լեզվի ավագ ուսուցչուհի Կարինե Առաքելյանը, որ 11 տարուց ավելի աշխատում է Փարվանայի դպրոցում, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ կիսատաք պատերի ներսում երկու հերթափոխով դասեր են անցկացնում, փորձում են աշակերտների մեջ պահպանել սերը դեպի ուսումն ու միաժամանակ նպաստել մոտիվացիայի բարձրացմանը: 

Փարվանայի փայտե տնակը, որտեղ այժմ դասապրոցես է ընթանում

Ուսուցչուհու պարզաբանմամբ, տան վարձակալմամբ դպրոցի խնդիրը չի լուծվել: Նրա խոսքով, քարե տանը, որտեղ դասապրոցես է ընթանում, կա ջեռուցման խնդիր. «Տան հյուրասենյակում մեկ վառարան է վառվում և տաքացնում 4 սենյակ: Դասի ժամանակ կամ ստիպված ենք լինում բաց թողնել դռները, բայց աղմուկն է խանգարում, կամ՝ փակում ենք, բայց սաստիկ ցրտի պայմաններում այդպես երկար մնալն անհնար է: Տուն է, բնական է՝ ամեն բան հարմարեցված է տան պայմաններին, ինչպե՞ս կարող է բավարարել դպրոցի պայմաններին»:

Վարձակալած քարե տունը, որտեղ այժմ դասապրոցես է ընթանում

Խնդիրներ է առաջացնում նաև փայտե տնակը. մասնավորապես, ըստ ուսուցչուհու՝ փոքրության պատճառով դասասենյակները շատ են տաքանում, իսկ մյուս շենք տեղափոխվելու ճանապարհին երեխաները մրսում են, հաճախ՝ հիվանդանում, դասասենյակներն էլ ժամանակակից ստանդարտներին չեն համապատասխանում: Ըստ Առաքելյանի՝ երկու հերթափոխով, սաստիկ ձմռան պայմաններում, կիսատաք պատերի ներսում դասերը երկու հերթափոխով առավոտյան ժամը 09:00-ից ձգվում են միչև 17:00-ն, ինչը, բնականաբար, խնդիր է թե՛ աշակերտների ու ծնողների, թե՛ ուսուցիչների համար: Ասում է՝ խոստացել են գարնանը՝ եղանակի ջերմանալուց հետո, սկսել նոր դպրոցի շինարարությունը:

Առաքելյանը 2016 թվականից ռուսաց լեզվի ավագ ուսուցչուհի է, դասավանդում է նաև անգլերեն: Ասում է՝ ցանկանում է, որ աշակերտները մասնակցեն տարբեր օլիմպիադաների, հաջողություններ գրանցեն, որ գյուղի մասին խոսելիս՝ հիշեն նաև իրենց հաղթանակների մասին: Իր հաջողությունների հիմքում միշտ մոտիվացիան և աշխատասիրությունն են. «Իմ օրինակով փորձում եմ աշակերտներիս մոտ բարձրացնել մոտիվացիան և սերը դեպի ուսումը»:

Մասնագիտական հմտությունները խորացնելու և առաջընթաց ունենալու համար Առաքելյանը վերջին շրջանում տարբեր միջազգային մրցույթների և օլիմպիադաների է մասնակցել: 2023-ին Առաքելյանը գրանցել է միջազգային երրորդ հաջողությունը. արժանացել է «Միջազգային ուսուցիչ» տիտղոսին: Երկրորդ և, թերևս, իր գնահատմամբ՝ ամենատպավորիչ հաջողությունը Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանում անցկացված ռուսաց լեզվի առաջին միջազգային օլիմպիադայի եզրափակիչն էր: Չորս փուլ տևած մրցույթում ուսուցչուհին հաղթել է «Մանկավարժական կատարելագործության ձգտում» անվանակարգում, ստացել դիպլոմ, գրքեր, հուշանվերներ: Նրա առաջին միջազգային հաջողությունը գրանցվել է Ռուսաստանի կենսատեխնոլոգիական համալսարանի կազմակերպած ռուսաց լեզվի առցանց օլիմպիադայում:

2023 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված, Փարվանա գյուղի դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը, որ 15 տարի է դասավանդում դպրոցում, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ ճիշտ է, ներկայիս դպրոցի պայմանները եվրոպական ստանդարտներին համապատասխան չեն, սակայն, համեմատած առցանց դասավանդման պայմաններին՝ ավելի լավ են: Նրա խոսքով, ջեռուցման խնդիր չկա. «Քանի դեռ նոր դպրոց չկա, այս պայմանները բավարարում են»: Նաև վստահեցնում է՝ դպրոցի տնօրենն ամեն ինչ անում է, որ հնարավորինս շուտ ժամանակակից դպրոց ունենան:

Պատմելով իր անցած ուղու և դպրոցում աշակերտների մոտիվացիան բարձր պահելու մասին, Մկրտչյանը պատմում է՝ վրացերեն սովորելու ճանապրհին շատ դժվարություններ են հանդիպել, ինքնակրթվել է և ինքնուս սովորել պետական լեզուն. «Փորձում եմ գունավորել աշակերտների դասապրոցեսը՝ գունավոր ռեսուրսներով, ոչ ֆորմալ կրթությամբ: Ուզում եմ երեխաներին ցույց տալ, որ միայնակ չեն, և փորձում եմ ամեն գնով երեխաների մեջ սերմանել վրաց լեզվի կարևորությունը, մանավանդ որ` վրաց լեզվի ուսուցումը առանց կոմունիկացիայի շատ դժվար է»:

Շարունակում է՝ որպեսզի երեխաները չմոռանան սովորածը, որոշել է անհատական դասապրոցես անել, նախ՝ իր տանն այն 20 աշակերտներով, որոնց դպրոցում դասավանդում էր, հետո՝ այլ աշակերտներ էլ են ցանկություն հայտնել մասնակցել. «Քանի որ տունը փոքր էր՝ չէի կարող բոլորի հետ դասապրոցես անցկացնել: Մտածում էի՝ ստեղծել տարածք, որտեղ մյուսներին էլ կսովորեցնեի, քանի որ զգում էի՝ նեղսրտում են: Անհնար էր ընտանիքի անդամների ներկայությամբ տան պայմաններում 1 ժամ դասավանդել»:

Վրաց լեզվի ուսուցչուհին գյուղացիների աջակցությամբ գյուղի հին, չգործող գրադարանը, որ նաև մոտ է իրենց տանը, բարեկարգում է և դարձնում երիտասարդական կենտրոն: Ասում է՝ դրանով փորձել է փոխել գյուղի սև ու սպիտակ առօրյան, գույներ բերել դպրոց:

Երիտասարդական կենտրոնի շենքը վերանորոգելուց առաջ

Կենտրոնի հիմնական նպատակը աշակերտների մեջ դեպի վրացերենը սերը խորացնելն է. դա է պատճառը նաև, որ ուսուցչուհին իր վրացի ընկերներին հրավիրում է գյուղ, ծանոթացնում աշակերտների հետ, խաղերով դասեր անցկացնում: Համոզված է՝ վրաց լեզուն կսովորեն միայն շփման միջոցով: Այժմ ինտեգրման հետ կապված դասընթացների է մասնակցում, փորձում է դոնորներ գտնել, որոնք կֆինանսավորեն, և կփորձի այդ աջակցությամբ կապ ստեղծել հայ և վրացի աշակերտների միջև, ինչը շարունակական կպահի կենտրոնի գործունեությունը: