Սաակաշվիլիի իշխանության տարիներին ծայրահեղ աղքատ էր ավելի քան 1 մլն քաղաքացի․ Կոբախիձե

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ 2012 թվականին Վրաստանում երկրի բնակչության 30 տոկոսն ապրում էր աղքատության շեմից ցածր, իսկ այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 20 տոկոս:

Ըստ իշխող կուսակցության նախագահի՝ այս պահին երկրում աղքատության շեմից ցածր պայմաններում ապրում է 800 հազար քաղաքացի, ինչը ևս բարձր ցուցանիշ է, և դա շատ ցավալի խնդիր է։

«Նախքան համավարակը, եթե չեմ սխալվում, ցուցանիշն իջել էր՝ 18,5 տոկոս, հետո, ցավոք, հասկանալի պատճառներով աճել է, հետո նորից իջել։ Հիմա այն պետք է լինի մոտ 20 տոկոս: Սրանք Համաշխարհային բանկի տվյալներն են»,- ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման տարիներին Վրաստանում աղքատության շեմից ցածր էր ապրում 1 մլն 150 հազար քաղաքացի.

«Այսինքն՝ աղքատության շեմից ցածր ապրողների թիվը 350 հազարով նվազել է։ Սակայն 800 հազարը ևս բարձր ցուցանիշ է, ուստի բոլոր ջանքերը պետք է գործադրվեն այդ խնդիրը լուծելու համար»: