Ընդգծվել է տարածաշրջանի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միասնական ջանքերի կարևորությունը

Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը պաշտոնական այցով Վրաստանում է, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, բարձրաստիճան հյուրին դիմավորել է պատվո պահակախումբը, հնչել են երկու երկրների պետական ​​օրհներգերը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Նեհամերը դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններ են արվել։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկկողմ օրակարգի հիմնական ուղղությունները և առկա արդյունավետ համագործակցության խորացման հեռանկարները։ Ընդգծվել է Ավստրիայի դաշնային կանցլերի Վրաստան այցի կարևորությունը և նշվել, որ այդ այցը հաստատում է Ավստրիայի ամուր աջակցությունը Վրաստանին և Վրաստանը ներկայացնում որպես Ավստրիայի կարևոր աշխարհառազմավարական գործընկեր։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն ու Ավստրիան սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ընդհանուր եվրոպական արժեքների և շահերի վրա։ Նրա խոսքով, Ավստրիան ունի վստահելի գործընկեր՝ ի դեմս Վրաստանի, որը նպաստում է ընդհանուր եվրոպական արժեքների և շահերի պաշտպանությանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության ապահովման համար։

«Ընդգծվել է տարածաշրջանի և աշխարհի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միասնական ջանքերի կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել է նաև Կովկասի տարածաշրջանը Եվրոպային կապող Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխի պատմական նախագիծը։ Ընդգծվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը։

Զրույցում անդրադարձ է կատարվել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացին, և ընդգծվել է Ավստրիայի անսասան քաղաքական աջակցության կարևորությունը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Նեհամերին՝ Վրաստանի եվրաինտեգրմանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, այդ թվում՝ զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության հայեցակետերը։ Ընդգծվել է երկրների միջև առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը», ասված է հաղորդագրության մեջ։: