Սաակաշվիլիի գիրքն օրակարգում․ քաղաքական ճնշումնե՞ր, սու՞տ, թե` «PR»

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի պատմությունը շարունակում է քննարկումների առարկա մնալ։

Հիշեցնենք, որ գրքի շնորհանդեսի վայրը երկու անգամ փոխվել էր, քանի որ կառույցները նախնական պայմանավորվածությունից հետո հրաժարվել էին հյուրընկալել միջոցառումը։ Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը երկրորդ չեղարկումից հետո վստահաբար հայտարարեց, թե դա կապված է քաղաքական ճնշումների հետ։

Գրքի շնորհանդեսի մասին տեղեկատվությունն այնքան էլ միանշանակ չընդունվեց Հայաստանում։ Շատերի կարծիքով Սաակաշվիլին հակահայ քաղաքական գործիչ է եղել և նրա գիրքը, առհասարակ, պետք չէր թարգմանել։

Փետրվարի 6-ին հրատարակչությամբ ու գրքերի վաճառքով զբաղվող, Հայաստանում հայտնի «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե գրքի թարգմանչին հրավիրել է իրենց գրախանութում անցկացնել գրքի շնորհանդեսը, սակայն արձագանք չի ստացել:

«Այդ տղաներին իմ առաջարկը պետք չէր։ Տղերք, ես ձեզ թույլ չեմ տա իմ պետության վրա ցեխ շպրտել։ Ես անգամ թույլ չեմ տա ձեզ իմ պետության ոչ լեգիտիմ իշխանության վրա անհիմն ցեխ շպրտել։ Մեր իշխանության լավ ու վատ իմիջը դառնում է մեր պետության ու նաև մեր իմիջը»,-գրել է Մարտիրոսյանը։

Ըստ Մարտիրոսյանի՝ այս գրքով պիտի առավելագույնը 100 000 դրամ շահույթ ապահովվեր, մինչդեռ հեղինակները 100 000 դրամի դիմաց Սաակաշվիլուն թյուրիմացության մեջ են գցել ու ու նա հարձակվել է մեր իշխանությունների վրա, մեր պետության վրա, մեզ վրա։

«Տղերք։ Էդ արդեն PR չի։ Դա պետությանը «պադստավկա» անել է»,-գրել է Մարտիրոսյանը։

Հայաստանյան aravot.am կայքը այս գրառումից հետո փորձել է մեկնաբանություն ստանալ գրքի հեղինակ Միքայել Նահապետյանից, ով ասել է, թե անձամբ Արմեն Մարտիրոսյանից առաջարկ չի ստացել, այլ ստացել է «Հայգիրք» գրախանութից, սակայն հրաժարվել է մի քանի պատճառներով, որոնցից առաջինը գրախանութի տարածքի փոքր լինելն է։

Բացի այդ, ըստ Նահապետյանի՝ «Հայգիրք» գրախանութի աշխատակիցները նշել են, թե նախկինում եղած չեղարկումների խնդիրն այնքան լուրջ չէ, ինչպես ներկայացվում է:

«Ինձ համար առաջին միջադեպից հետո բոլոր բանակցություններում այդ հարցն անպայման քննարկվել է՝ իսկ ի՞նչ կլինի, եթե լինեն ճնշումներ, ու ինձ համար կարևոր է եղել, որ մարդիկ պատկերացնեն նաև այդ տարբերակը, այդ հեռանկարը: Երրորդ պատճառն էլ այն է, որ ես արդեն մեկ այլ մարդու առաջարկ ընդունել եմ»,- ասել է Նահապետյանը:

Այնուամենայնիվ, գրքի շնորհանդեսը կկայանա այսօր` փետրվարի 7-ին, երևանյան փաբերից մեկում։

Թողնել պատասխան