Սահակաշվիլի. Մենք հանգիստ կանցկացնենք ընտրությունը և Իվանիշվիլին չի կարողանա խանգարել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հերթական տեսաուղերձն է հրապարակել, որում կրկին համոզմունք է հայտնել, թե իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» հաղթանակ է տոնելու:

Նա պատասխանել է նաև Վրաստանի իշխանությունների մեղադրանքներին, ովքեր կասկածներ ունեն, թե «Միացյալ ազգային շարժումն» ընտրությունների ժամանակ անկարգություններ և հեղափոխություն է նախապատրաստում: Նախօրեին իշխանամետ հեռուսաալիքները Սահակաշվիլիի և նրա կուսակցության մի քանի առաջնորդների լուսանկարներից կոլաժ էին հրապարակել, ովքեր ըստ իրենց՝ ընտրություններում պարտվելու դեպքում բողոքի մեծ ակցիաներ են ծրագրում: Գաղտազերծվել են կուսակցության անդամների խոսակցությունները, որոնցում նրանք խոսում են հեղափոխության ճանապարհի և Ռուսթավելի պողոտայում վրաններ տեղադրելու մասին:

Ձայնագրությունների տարածման հետ կապված՝ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին քրեական գործ է հարուցել՝ Կառավարությունը տապալելու դավադրություն հոդվածով, խոսակցությունների բոլոր մասնակիցները հարցաքննության են կանչվել: Ձայնագրությունների ժամկետները և աղբյուրը դեռևս չեն հրապարակվում: Իր տեսաուղերձում, որը Սահակաշվիլին նկարահանել է ուկրաինական Յուժնի քաղաքի շինհրապարակում, ուր ընթացքի մեջ է մեծամասշտաբ ամերիկյան ներդրումային ծրագիրը, ասել է․ «Ի՞նչ անկարգությունների մասին է խոսքը: Նախ ես այստեղ լուրջ գործով եմ զբաղված, ես Վրաստան եմ ուղարկել իմ երեխային և կնոջը, Սանդրան առաջադրվել է: Մենք այս ընտրությունները հաղթելու ենք հանգիստ, առանց հուզումների, առանց որևէ կասկածի: Բոլոր հարցումներն այդ մասին են վկայում: Եթե ինչ-որ հեղափոխություն էլ սպասվում է Վրաստանին, ապա դա լինելու է հեղափոխություն ընտրություններից հետո: Լինելու է սոցիալական ստանդարտների և մարդկանց կյանքի մակարդակի փոփոխություն, լինելու է դատական բարեփոխումների հեղափոխություն, բիզնես գործունեության պարզեցման և կրթական ոլորտի հեղափոխություն: Մենք հանգիստ կանցկացնենք ընտրությունը և Իվանիշվիլին չի կարողանա խանգարել: Ամեն ինչ տանում է դեպի հաղթանակ, և Վրաստանի հետագա զարգացում»։

Տեսաուղերձին զուգահեռ Սահակաշվիլին գրություն է հրապարակել, որում հիշեցնում է, որ 2012-ին իրենք խաղաղ հանձնեցին իշխանությունը և, որ այս 4 տարիներին իր կուսակցությունը ոչ մի անգամ վրաններ կամ վանդակներ չի տեղադրել և չի փորձել ապակայունացնել իրավիճակը: Իսկ օրերս ուժային գերատեսչությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Սահակաշվիլին Վրաստանի սահմանը հատելու փորձի դեպքում կձերբակալվի, քանի որ նրա դեմ մի քանի քրեական գործեր են բացված և նրա նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարված: Այս հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, Զուգդիդիում կուսակցության համակիրների բազմահազարանոց հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարեց, որ «Միշան անպայման կվերադառնա՝ նույնիսկ եթե դրա համար պետք լինի Օդեսայից Սոլոլակ թունել փորել»։

Նյութի աղբյուրը՝ apsny.ge

Թողնել պատասխան