Վրաստանի նախագահ. 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը մարդկային ողբերգություն էր

«Սահմանադրությունը պատկանում է բոլորին» արշավի շրջանակներում` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Ջավախք:Ախալցիխեում նախագահը հանդիպել է տեղի ՀԿ ոլորտի ներկայացուցիչներին, եղել է Իվանե  Ջավախիշվիլիի անվան համալսարանում, հանդիպել ուսանողներին, ապա` Ախալցիխեի ժողովրդավարության կենտրոնում լսել բնակիչներին, պատասխանել նրանց հարցերին: Նախագահի այցի հիմանական նպատակը սահմանադրական փոփոխությունների մասին խոսելն էր և իրեն անհանգստացնող կետերի քննարկումը:

Ախալցիխեի բնակիչներին հուզող հարցերի շրջանակն այլ էր. Օրինակ՝ ինչն է պատճառը, որ շրջանային ղեկավար պաշտոններում նշանակվում են ոչ Ախալցիխեի բնակիչները: Բնակիչների կարծիքով՝ սա անարգանքի նշան է, ինչը` ինքնին վնասում է տեղական ինքնակառավարմանը:

Ակնհայտ է, որ տարածքի շատ բնակիչներ Ռուսաստան արտագնա աշխատանքի պատճառով տարիներ առաջ հայկական անձնագրեր են ձեռք բերել, ինչի պատճառով զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Լավագույն դեպքում նրանց տրվում է կեցության իրավունք՝ այն երկրում, ուր ծնվել, մեծացել են: Բնակիչները Մարգվելաշվիլիին հորդորել են սեփական հսկողության տակ առնել ջավախահայության քաղաքացիության վերականգնման հարցը: Ի պատասխան՝ Մարգվելաշվիլին իր զարմանքն է հայտնել, որ քաղաքացիություն ստանալու հարցը այդքան խնդրահարույց է թվում բնակիչներին, սակայն գործընթացում երկրի նախագահը որևէ խոչնդոտ չի տեսնում: Շրջանի բազմաթիվ բնակիչներ հակառակն են պնդում: Փաստ է, որ բազմաթիվ քաղաքացիների առանց հիմնավոր պատճառների քանիցս մերժվել է քաղաքացիություն ստանալու խնդրանքը: Ի դեպ, քաղաքացիության համար դիմելու պետական վճարը 180 լարի է:

Ախալցիխեում բնակվող Գրիգոր Մինասյանը դիմել է նախագահին՝ հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի վերաբերյալ հարցով. «Ապրիլի 24-ին հայությունն ու աշխարհը նշում էր ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ առիթով Ֆրանսուա Օլանդը և այլ եվրոպական երկրների նախագահներ հայտարարություններ արեցին. մենք՝ վիրահայերս, սպասում էինք ձեր հայտարարությանը»: Մարգվելաշվիլին հարցին կարճ է պատասխանել. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, Օսմանյան կայսրությունում, մարդկային մեծ ողբերգություն էր»: 

Մարգվելաշվիլիին վրդովեցրել է այն փաստը , իր իր հանդիպմանը ներկա չէին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Նա սա համարում է անհարգալից վերաբերմունք նախագահի ինստիտուտի նկատմամբ:

Թողնել պատասխան