Շոկ էր. Թբիլիսիի քաղաքապետը խոսել է իր հիվանդության մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանկարծակի առաջացած հիվանդությունից  հետո առաջին անգամ հանրայնորեն խոսել է իր ապրումների մասին:

Նա ասել է, որ առողջական խնդիրներ երբեք չի ունեցել, ու գլխապտույտները անսպասելի էին. Կալաձեն չի խմում, չի ծխում, առողջ ապրելակերպ վարող է, ու այդ ֆոնին հիվանդությունը նրա համար շոկ էր: Ասում է` սկզբում մտածել է` ճնշման հետ կապված խնդիրներ են, սկսել է դեղեր ընդունել, նրա վիճակն ավելի է վատացել, ճնշումն ընկել է, ու «խուճապ» սկսել: Կալաձեն հոսպիտալացվել էր, նրա մոտ ախտորոշվել էին վեստիբուլյար ապարատի հետ կապված խնդիրներ: Ասում է` այսօր էլ գլխապտույտի նոպաներ ունենում է, սակայն արդեն գիտի պատճառն ու պատրաստ է, իսկ հիվանդության պատճառն ամենայն հավանականությամբ սթրեսն է:

Հիշեցնենք` 43-ամյա Կալաձեի առողջական վիճակն ապրիլին վատացել էր, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիում, ապա արտերկիր մեկնել` հավելյալ հետազոտության:  

Այս աշնանը  Վրաստանում հերթական ՏԻՄ ընտրություններ են. ԶԼՄ-ները գրում են, որ Կալաձեն ծրագրում է լքել իշխող կուսակցությունն ու գնալ քաղաքականությունից: Նշվում էր, թե նա Միլան վերադառնալու ծրագրեր ունի, որտեղ ֆուտբոլիստի հաջողակ կարիերա ուներ:

Կարդացեք նաև`

Թբիլիսիի քաղաքապետը թողնում է քաղաքականությունն ու Միլան վերադառնում. ԶԼՄ-ներ