Կորոնավիրուսային պատումներ. -Այխալա՜, այխալա՜

-Այխալա՜, այխալա՜…

Երկար մի մտածեք, միևնույն է հայերենում նման բառ չկա, ոչ էլ Ջավախքի բարբառում: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենակիրառելի բառերիցս մեկն է: Այսպես են դիմում կնոջը ադրբեջաներեն: Իսկ թե ինչու սկսեցի սովորել ու խոսել  ադրբեջաներեն շուտով կհասկանաք…

Նոր կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով ես ու քույրս Երևանի մեր վարձով տանը փակված մնացինք: Մարտն անցավ, ապրիլը մի կերպ ու դժվարությամբ անցավ, մայիսին մեր նյարդերը տեղի տվեցին: Պետք է վերադառնանք տուն` Ջավախք: Վերջ, որոշված է: Ու մայիսի 17-ին ելանք ճամփա: Ես, քույրս ու մեզ միացավ նաև մեր հայրենակից երրորդ աղջիկը` Աստղիկը:

Հայկական անցակետում մեզ անարգել թողեցին անցնել: Դե երեքս էլ Վրաստանի քաղաքացիներ ենք: Բայց, ինչպես ռուսը կասեր, կամ մի բայց…

Պատկերացրեք` երեք աղջիկներով ճամփա ենք ելել ու հավատացեք` հավաքել ենք միայն ամենաանհրաժեշտ իրերը, երեք անգամ վերանայել կրճատել, բայց արդյունքում ինը հատ շատ մեծ ու ծանր ճամպրուկ ենք կապել:

Հայկական անցակետում իմացանք, որ ոտքով ենք հասնելու Վրաստան` Սադախլոյի անցակետ: Իհարկե, մի քիչ քայլելն այդքան նստելուց հետո կարծես թե այն էր, ինչ մեզ պետք է, սակայն չմոռանանք շատ ծանր ու մեծ ճամպրուկները: Մի տասը քայլ անելուց հետո հասկացանք, որ ի վիճակի չենք այդքանը միանգամից տեղ հասցնել, որոշեցինք կես-կես տեղափոխել: Ու մոտավորապես 500 մետր ճանապարհահատվածը մենք անցանք գրեթե մեկ ժամում: Բեռնատարի վարորդները մեկ զարմանքով, մեկ ժպիտով, մեկ էլ խղճմտանքով նայում էին, մեկը նույնիսկ ճարպկորեն հարմարացրեց նկարեց, բայց վստահ չեմ, հնարավոր է հոգնածությունից աչքիս էր երևացել: Ինչևէ, մեզ այդպես էլ ոչ ոք չօգնեց:

Վրաստանի անցակետին մոտենալուն պես մեզ նկատեց վրացի ոստիկանը: Մոտեցավ, սկսեց ռուսերեն խոսել, հետո հարցրեց, արդյոք վրացերեն գիտենք: Դե մեր Աստղիկն էլ վրացերեն պատասխանեց: Ոստիկանի ազգային ինքնասիրությունը դրանից փոքր-ինչ շոյվեց, բայց դա անգամ մեր գործին չօգնեց: Տեղեկացրեց, որ մեր առաջիկա 14 օրերը կարանտինում են անցնելու: Իսկ երբ ակնարկեցինք օգնելու մասին, քմծիծաղ տվեց ու ասաց, որ օգնություն չի լինելու:

Ինչևէ, ժամը երկուսին արդեն Վրաստանի անցակետում էինք` հոգնած, բայց ուրախ, որ տանը հիմա ավելի մոտ էինք: Առաջիկա չորս ու կես ժամը այնտեղ անցկացրինք: Այնքան էինք հոգնել, որ երազում էինք մեզ րոպե առաջ տանեն կարանտինային գոտի` հյուրանոց, որ թոթափեինք վերջին երկու ամիսների ու մեկ օրվա հոգնածությունը: Ժամը յոթը չկար երբ հասանք Մառնեուլիի շրջան` «Կովկաս» հյուրանոց: Ադրբեջանական դրոշը տեսնելուց չգիտեմ ինչ զգացի, հետո հյուրանոցի ադրբեջանցի աշխատողները: Շտապ օգնության մեքենայից չէինք ուզում իջնել, բայց այլընտրանք չունեինք: Գրանցեցին ու ուղեկցեցին մեր սենյակ: Ի դեպ, զարմանալի էր, բայց ճամպրուկներն էլ իրենք տարան, շատ ավելի լավ ընդունեցին, քան սպասում էի, ու թեև շատ սառն էինք միմյանց հանդեպ, բայց ամեն դեպքում համակերպվեցինք, որ առաջիկա 14 օրերին մեզ սպասարկելու են հենց իրենք` ազերները: Հիմա երբ արդեն կարանտինի առաջին կեսը հաղթահարված է, կարելի է ասել նույնիսկ մտերմացել ենք: Ամեն օր սպասում ենք երբ են ազեր մաքրուհիները գալու, որ հետները ասենք խոսենք, անեկդոտներ պատմեն, մեր օրը թեթևացնեն:

Հյուրանոցի տարբեր սենյակներից, սկզբում կիսաբաց դռների արանքից ծիկրակում, հետո քիչ-քիչ հերթով դուրս են գալիս այստեղի ժամանակավոր «բնակիչները»: Գրեթե բոլորը հայեր են: Արդեն մտերմացել ենք ու անգամ սուրճի ժամին բոլորս մեր սուրճերով հավաքվում ենք դռների մոտ ու հետն էլ զրուցում, ծանոթանում, ամեն մեկս մեր բարբառից ու բնակավայրից խոսում: Հետո խոսակցությանն են միանում մաքրուհիները` անցնում ենք ռուսերենի, մեկ-մեկ էլ մոռանում ենք, որ մենք ադրբեջաներեն, իրենք էլ հայերեն չգիտեն ու խոսակցության կեսից աննկատ անցնում ենք մեր մայրենի լեզուներին: Իսկ երբ միմյանց ընդհանրապես չենք հասկանում, մայրենի լեզուներից սահուն անցնում ենք ժեստերի լեզվին և ձեռք ու ոտքով բացատրում, թե ուզածներս ինչ է:

Երեկ հարևաններից երկուսին ճանապարհեցինք: Յոթ օրում հասցրել էինք այնքան մտերմանալ, որ տպավորություն էր, թե հարազատներիս եմ հրաժեշտ տալիս: Միջանցքի երկարությամբ շարվել` հասցեներ ու հեռախոսահամարներ էինք գոռում միմյանց, որ հետագայում հանդիպենք ու շարունակենք շփվել կարանտինից դուրս: Ինձ չգիտես ինչու թվում է, որ կյանքը կարանտինից հետո ուրիշ է լինելու, շատ ուրիշ: Ավելի ջերմ, ավելի հոգատար ու ավելի հանդուրժող ենք լինելու միմյանց հանդեպ: Ավելի շատ ենք արժևորելու պարզ, մարդկային շփումը: Ու վերջիվերջո ընկերներ ու ծանոթներ ենք ունենալու, որոնց հենց այդպես էլ անվանելու ենք` կարանտինի ընկեր, հարևան, բարեկամ…

Իսկ մեր կարանտինը դեռ շարունակվում է…

Հերմինե Կարապետյան

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: