Վրացի բռնցքամարտիկին մինչև 40 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՄՆ-ում ձերբակալված վրացի բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեին սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում: Դեպքի մանրամասներն օրեր առաջ հրապարակել է New York Post պարբերականը:

Ըստ New York Post-ի, տուժող կողմը դատախազությանը հանձնել է տեսանյութեր, որոնցում պարզ երևում է, թե ինչպես է Խուրցիձեն մարդկանց վրա հարձակվում և սպառնում «օրենքով գող» Ռաժդեն Շուլայայի անունից:

«Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Խուրցիձեն հարվածում մի տղամարդու դեմքին, որը, հավանաբար Շուլայայի խաղատնից գումար է գողացել կամ պարտվել: Դրանից հետո անձամբ Շուլայան է ապտակում նույն տղամարդուն և ասում, որ եթե փողը չվերադարձնի, անհետևանք չի մնա», — գրում է New York Post-ը:

Խուրցիձեի և Շուլայայի գործով դատախազի խոսքերով. «Շուլայան իսկական ղեկավար է, իսկ Խուրցիձեն՝ լավ զինվոր»:

Դեպքի վերաբերյալ քննությունը սկսվել է հունիսի 5-ին: Հետաքննության համաձայն, շուրջ 30 հոգանոց խումբը, որը ղեկավարում էր Ռաժդեն Շուլայան և որտեղ ներգրավված է նաև Խուրցիձեն, ապօրինի վաճառքով և խաբեությամբ է զբաղվել:

Նյու Յորքի դատարանը վրացի բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեին մեղավոր է ճանաչել գործի բոլոր մեղադրանքներով:

Թողնել պատասխան