18-50 տարեկան տղամարդիկ կհամարվեն պահեստային

Վրաստանի պաշտպանության նախարարությունը մոտ կես միլիոն տղամարդկանց նախապատրաստելու է ակտիվ պահեստային ծառայության: 

Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ, որ երկրի 18-50 տարեկան բոլոր տղամարդիկ պարտադիր նախապատրաստություն անցնեն՝ որպես պահեստային:   

Ղարիբաշվիլին կլինի նախարարների կաբինետի երկու նոր անդամներից մեկը, երբ խորհրդարանը վստահություն տա վարչապետ Գիորգի Գախարիային ու նրա կառավարական ծրագրին:

«Վրաստանում կա 18- 50 տարեկան 785 հազար տղամարդ, ու եթե 10 տարվա ընթացքում մենք այդ մարդկանց նախապատրաստենք արագ կուրսերով, կես տարի կամ 10 ամիս տևողությամբ, կամ գուցե և երկարաձգենք մինչև մի քանի տարի, որոշ ժամանակ անց, մենք կունենանք մոտ կես միլիոն պատրաստված տղամարդ: Դա մեր երկրի ռեսուրսն է, որը մենք պետք է օգտագործենք»,- ասել  է Ղարիբաշվիլին՝ խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստի ժամանակ:

Վրաստանի բնակչությունը մոտ 3,7 միլիոն է: Վրաստանում պահեստային ծառայությունը լինում է ակտիվ ու սովորական: Ակտիվը կամավոր է, տևում է մոտ 45 օր՝ տարվա ընթացքում, մոտ 5 տարի: Ներկայումս պահեստային ծառայություն անցնողներին վճարում են այն օրերի համար, որոնք նրանք անցկացնում են ծառայության մեջ: Իսկ պասիվ պահեստայիններին կանչում են միայն համընդհանուր հավաքների դեպքում: