2-րդ փոխխոսնակը ևս լքեց խորհրդարանական մեծամասնությունը

«Վրացական երազանքի» շարքերը շարունակում են նոսրանալ։ Մեծամասնությունը լքելու մասին հայտարարություն է արել կուսակցության վաղեմի համախոհ Զվիադ Ձիձիգուրին։

Ձիձիգուրին այս որոշումը կայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագծի տապալումից հետո։

«Ուզում եմ հայտնել, որ ես՝ Զվիադ Ձիձիգուրին, խորհրդարանի փոխխոսնակը, խորհրդարանական մեծամասնության անդամ, «Պահպանողական կուսակցության» ղեկավարը, որոշում եմ կայացրել լքել մեծամասնության շարքերը։ Մենք, կոնսերվատորներս երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին։ Մենք չենք պատրաստվում մնալ այնտեղ, ուր այդպիսի որոշումներ են կայացվում, որոնք արդարացված չեն»։  

Նրա խոսքով՝ իրեն հետևել են նաև խմբակցության ևս երկու անդամ՝ կոնսերվատորներ Գիգա Բուկիան և Նինո Գոգուաձեն։

Այսպիսով՝ ընտրական բարեփոխման օրինագծի տապալումից հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել է արդեն 12 պատգամավոր։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարություն էին արել մյուս փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Սոֆիո Քացարավան,  Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Թամարա Խուլորդավան և 1-ին տեղակալ Իրինա Փրուիձեն, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հանձնաժողովի առաջին տեղակալ Զազա Խուցիշվիլին, Արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ցկիտիշվիլին, Կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Մարիամ Ջաշին, նաև պատգամավորներ Գեորգի Մոսիձեն և Գեորգի Բեգաձեն։

Ինչ վերաբերում է համախոհների այս քայլի հետ կապված՝ իշխող կուսակցության արձագանքին, ապա Երազանքի առաջնորդներն ասել են, թե ցավում են նրանց հեռանալու համար և այս որոշումը վաղաժամ էր ու հուզականության ֆոնին ընդունված։

Փորձագետներն ու ընդդիմությունն այն կարծիքին են, որ կուսակցական ցուցակներով ընտրությունների դեպքում իշխանությունը հաղթանակի համար քիչ շանսեր կունենա, այդ պատճառով էլ նրանց ձեռնտու է ներկա համակարգի պահպանումը։

Այս պահին ընդդիմությունը, նույնիսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ գտնվել են հակառակ ճակատներում, համախմբվել են՝ բոլորը մեկի դեմ սկզբունքով ու շարունակում են պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համամասնական կարգով։