2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 92 մարդ, իսկ 989-ը՝ վիրավորվել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վթարների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թբիլիսիում և Շիդա Քարթլիում։
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ ճանապարհային անվտանգությունը Վրաստանում դեռևս ամենասուր խնդիրներից է։ Չնայած իշխանությունները տուգանքների ավելացումը ներկայացնում են որպես վթարների նվազեցման մեխանիզմներից մեկը, բայց ծանր դեպքերը նախկինի պես հաճախակի են։
«Գործընկերություն հանուն ճանապարհային անվտանգության» կազմակերպության տնօրեն Իրակլի Իզորիան խոսել է համապատասխան հանձնարարականների անհրաժեշտության մասին։ Նրա գնահատմամբ՝ միայն տուգանքների առկայությունը բավարար չէ. անհրաժեշտ է ինչպես ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում, այնպես էլ օրենքի լիարժեք կիրարկում։
«Վերջերս արդեն փոփոխվեց օրենսդրությունը, և արագությունը մոտ 30-50 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում, ըստ կանոնների, վարորդից պետք է պակասեցվի 10 միավոր, իսկ 50 կմ/ժ-ից ավելի գերազանցման դեպքում՝ 20 միավոր։ Սակայն այդ միավորները միայն թղթի վրա են գրված, իրականում դրանց նվազեցում տեղի չի ունենում։ Ուստի կարծում եմ, որ անհրաժեշտ է հրատապ կարգով ներդնել բալային համակարգը, դա կապել արագության գերազանցման հետ, քանի որ երկրում ամենամեծ խնդիրը դեռևս այս միավորների կիրառումն է։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ հազարավոր լարիների տուգանքներ են վճարում, բայց միևնույն է՝ արագ են վարում։ Հետևաբար, բալային համակարգի գործարկումն այլընտրանք չունի։
Մոպեդների և էլեկտրական սկուտերների վարորդները չեն պահպանում կանոնները։ Դրա հետևանքն այն է, որ փողոցներում հաճախ ենք տեսնում վնասվածքներ ստացած, տուժած մարդկանց»,- ասել է Իզորիան։