3 օրում Վրաստանում COVID-19-ի դեմ 2719 մարդ է պատվաստվել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ մարտի 17-ի, ժամը 18:00-ի դրությամբ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2719 բուժաշխատող: Պատվաստվելու համար հատուկ ստեղծված կայքէջում գրանցվել է 5350 բուժաշխատող:

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվման գործընթացն ընթանում է «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 չափաբաժին, երկիրը ստացավ մարտի 13-ին, պատվաստումը մեկնարկեց մարտի 15-ից: Առողջպահության նախարարության տեղեկատվությամբ՝ մարտի վերջին Վրաստանը կստանա նաև «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժին:

Հիշեցնենք՝ առաջին փուլում Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստվում են բուժաշխատողները: Վիճակագրության ազգային ծառայության տեղեկատվությամբ 2019 թվականի տվյալներով երկրում 52 000 բուժաշխատող կա: