45 միլիոն լարի` դպրոցական համազգեստների ձեռքբերման համար

Վրաստանի կրթության նախարարությունը դպրոցական համազգեստների համար 45 միլիոն լարիի պարզեցված գնում է հայտարարել։ Տեղեկությունը տարածել է BMG-ն։ Պետք է կարվի 1 մլն 801 հազար միավոր համազգեստ։ Պետական գնումների գործակալությունում հրապարակված տեղեկության համաձայն՝ այս գումարով պետք է իրականացվի հանրային դպրոցների տարրական դասարանների աշակերտների համազգեստների ձեռքբերումը։

Այս տարվա փետրվարին ընդունված օրենքով՝ 2026–2027 ուսումնական տարվանից հանրային դպրոցների տարրական օղակի աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը դառնում է պարտադիր։ Համազգեստների հասանելիությունը պետք է ապահովվի ուսումնական տարվա մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ։

Ըստ պարբերականի՝ 2026-2027 ուսումնական տարվա համար տարրական դասարանների աշակերտների համազգեստների մատակարարման ժամկետը սահմանված է երկու փուլով. առաջին փուլ՝ ապրանքի առնվազն 30%-ի մատակարարում ոչ ուշ, քան հուլիսի 31-ը, երկրորդ փուլ՝ ապրանքի մնացած քանակը ոչ ուշ, քան օգոստոսի 20-ը ներառյալ։ Հատկանշական է, որ փաստաթղթերում նշված չէ, թե ում հետ է գերատեսչությունը պատրաստվում պարզեցված կարգով պայմանագիր կնքել։