Խորհրդարանը Մամուկա Մդինարաձեին հաստատել է պետնախարարի պաշտոնում։ «Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կարգի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունվել են 84 կողմ և 10 դեմ ձայներով։
Մդինարաձեն միաժամանակ կլինի և՛ Վրաստանի պետական նախարարն իրավապահ մարմինների համակարգման հարցերով, և՛ փոխվարչապետ։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարական փոփոխությունների մասին հայտարարել էր ապրիլի 21-ին։ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի պաշտոնում Մդինարաձեին փոխարինել է ներքին գործերի նախկին նախարար Գեկա Գելաձեն։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին նախագահ Սուլխան Թամազաշվիլին։ Աջարիայի Հանրապետությունը կղեկավարի Զուրաբ Պատարաձեն։