55 տարեկանից բարձր անձինք այսօրվանից կկարողանան Covid-19-ի դեմ պատվաստվել

Վրաստանում այսօրվանից՝ ապրիլի 5-ից կորոնավիրուսի դեմ կկարողանան պատվաստվել նաև 55 տարեկանից բարձր անձինք: Նշված տարիքային խմբի անձանց համար այս փուլում հասանելի է միայն AstraZeneca տեսակի պատվաստանյութը: 

«Սա պայմանավորված է նրանով, որ մեծ ակտիվություն և հետաքրքրություն է նկատվում  պատվաստման հանդեպ 65 տարեկանից բարձր անձանց մոտ: Ինչպես նաև մեծ է պահանջարկը այն խմբերում, որը ներառում է 55-65 տարիքային խումբը»,- հայտարարել էր Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: