«Այսօր մենք հարգում ենք Վրաստանի ազատությանը նվիրաբերված հերոսների ու յունկերների վառ հիշատակը»,- կառավարության ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին նշել է, որ իրենց ամենաթանկը՝ կյանքը, նրանք զոհեցին հանուն հայրենիքի և անմահ օրինակ թողեցին գալիք բոլոր սերունդներին։ Վարչապետի խոսքով, Վրաստանի անկախության համար նրանց սկսած պայքարը չի ավարտվել։
«Բոլորիս գլխավոր մտահոգությունն ու խնդիրը մնում են երկրի միավորումը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդումը, Վրաստանի վերադարձն ընդհանուր եվրոպական ընտանիք։ Ես մեր ողջ հասարակության հետ միասին հարգում եմ յունկերների հիշատակը և մաղթում խաղաղություն, միասնություն ու զարգացում մեր հայրենիքին»,- գրել է վարչապետը:
Խորհրդային Կարմիր բանակի դեմ մարտնչած ռազմական դպրոցի ավելի քան 500 սաները (յունկերները), որ մարտնչում էին Թբիլիսիի մերձակայքում՝ Կոջորիում և Տաբախմելայում, պատրաստվում էին դառնալ Վրաստանի նոր ձևավորվող բանակի զինվորները։ 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին, և երկիրը խորհրդայնացվեց։