Երկար ժամանակ կպահանջվի քաղաքացիների և ՀԿ-ների վստահությունը շահելու համար․ Ստեփանյան

Թբիլիսահայ հասարակական և քաղաքական գործիչ, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը դրական է գնահատում իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ աղմկահարույց օրինագծի հետկանչման վերաբերյալ։ Իր գոհունակությունը նա հայտնեց «Ալիք Մեդիայի» հետ զրույցում․

«Նախ ուզում եմ նշել` լավ էր, որ կառավարություն կայացրեց այդ որոշումը, և հակամարտությունն էլ ավելի չսրվեց, սակայն կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ և շատ ուժ պետք է ներդնի իշխող կուսակցությունը` շահելու համար քաղաքացիների և հատկապես հասարակական հատվածի վստահությունը», — ասաց Ստեփանյանը։

Ըստ նրա` այդ քայլը ողջունելի է, սակայն դեռ բավարար չէ․

«Այս որոշումը ճիշտ քայլ էր, և հուսով եմ` ոչ թե կրքերը հանդարտեցնելու համար արվեց, այլ հասկանալով, որ ժողովուրդը չի ուզում համակերպվել այդ օրինագծին։ Սակայն, այստեղ հատկանշական է, որ կառավարության ներկայացուցչի հայտարարության մեջ նշվեց, որ իրենք ցանկանում են բացատրել օրինագծի էությունը, ինչը նշանակում է` այս հարցը սրանով չի ավարտվում»։

Առնոլդ Ստեփանյանը հույս է հայտնում, որ կառավարությունը կխուսափի կրկին և կրկին նույն հարցը բարձրացնելուց` հատկապես հիմա, երբ միջազգային հանրությունը և արևմտյան գործընկերները ակտիվորեն հետևում են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Այս պահին` որպես Վրաստանի քաղաքացի և հասարակական հատվածի ներկայացուցիչ, կարծում եմ, որ կառավարությունը պետք է շահի միջազգային գործընկերների վստահությունը, պետք է զերծ մնա նման ռուսական օրինագծերի մասին խոսելուց, հակաարևմտյան հայտարարություններից և շուտափույթ կերպով անցնի 12 հանձնարարականների կատարմանը՝ աշխատելով ամեն կերպ ստանալ ԵՄ անդամության թեկնածուի սպասված կարգավիճակը», — ասաց Առնոլդ Ստեփանյանը։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:

Վրաստանում բողոքի ակցիաները սկսվեցին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրական փաթեթը խորհրդարանում շրջանառության դրվելուց հետո։ Իսկ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանություն արժանացավ, ինչին հաջորդեց լայնածավալ բողոքի ակցիան, որը շարունակվեց նաև մարտի 8-ին: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարեց, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով:

Աղմկահարույց այդ երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը»։

Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակները դա համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Դրանից բացի, ըստ օրինագծի` Վրաստանում կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ էլ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավոր կլինեն գրանցվել: Հրաժարվելու դեպքում նրանց կգրանցեն մեխանիկորեն, այնուհետև կտուգանեն 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս տասը հազար լարիով: Այս տուգանքը չվճարելու դեպքում՝ կազմակերպության բոլոր հաշվեհամարները կարգելափակվեն: