Թբիլիսիում բողոքի ակցիան վերսկսվել է

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի մոտ, ժամը 19:00-ից վերսկսվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան։

Ակցիային մասնակցում են քաղհասարակության և ՀԿ-ների ներկայացուցիչներ, եվրոպական ապագայով մտահոգ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ և այլք։

Ի դեպ, տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։

Ցույցի մասնակիցները պահանջում են ազատ արձակել մարտի 7-8-ը ձերբակալված քաղաքացիներին։

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։ Խորհրդարանի դիմաց բեմ է տեղադրված։

Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, մարտի 7-8-ը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 133 մարդու։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:

Օրինագիծը կարող է մերժվել միայն քվեարկությամբ տապալելով. Անդրանիկ Մինասյան