Օրինագիծը կարող է մերժվել միայն քվեարկությամբ տապալելով. Անդրանիկ Մինասյան

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Անդրանիկ Մինասյանն, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում արձագանքելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, նշում է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը (այսպես կոչված` ռուսական տարբերակը- խմբ.) կարող է մերժվել միայն խորհրդարանի կողմից լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ տապալելով՝ նախագծին դեմ քվեարկելով:

Իրավաբանի խոսքով, պետք է Վենետիկի հանձնաժողովից հետ կանչել երկու օրինագծերն էլ, «ռուսական օրենքը» պետք է հանել խորհրդարանից, կրկին հետ կանչել հանձնաժողովի/լիագումար քվեարկության` դեմ քվեարկել ու տապալել:

Ըստ Մինասյանի՝ օրենքի նախագիծը տապալելուց հետո պետք է անցնի 1 ամիս, որի ընթացքում վերջինս ​​կրկին քվեարկության չի դրվի։ Ըստ կանոնակարգի՝ այս դեպքում օրինագիծը կհամարվի մերժված։

«Ինչ վերաբերում է օրենքի նախագծի երկրորդ տարբերակին (այսպես կոչված` ամերիկյանին-խմբ.), նախաձեռնողները կարող են հետ կանչել այդ տարբերակը, քանի որ վերջինս դեռ չի ընդունվել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ»,- ասաց Մինասյանը:

Իրավաբանն ընդգծեց, որ, խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ նախաձեռնողները կարող են օրինագիծը հետ կանչել միայն մինչև առաջին ընթերցմամբ ընդունելը, այսինքն` քանի դեռ խորհրդարանը գաղափարի մակարդակով չի աջակցում դրան:

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն պարզաբանել է, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման կդրվի, բայց չի ընդունվի։

«Օտարեկրյա գործակալների» օրինագծերի հետկանչն ու մարտի 8-ի իրադարձությունները