ՀԿ-ները հայտարարություն են տարածել «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչի մասին

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) միասնական հայտարարություն են տարածել «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչի առնչությամբ:

ՀԿ-ները շնորհակալություն են հայտնել երիտասարդներին, կանանց, գիտնականներին, ուսուցիչներին, բժիշկներին, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներին, գինեգործներին, ձեռներեցներին, ֆերմերներին, ծառայողներին` բոլորին, ովքեր կանգնած են պատմական ճշմարիտ ուղու վրա և արտահայտում են իրենց կարծիքը իշխանության ճնշումների և բռնության պայմաններում։

Ըստ հայտարարության հեղինակների՝ եվրոպական կուրսից շեղվելու և «ռուսական օրենքի» ընդունման դեմ հասարակության անզիջում պայքարը տվել է իր նախնական արդյունքները։

Նրանց պնդմամբ` խորհրդարանում «ռուսական օրենքի» քննարկումը ոտնահարում է բոլոր քաղաքացիների արժանապատվությունը և հակասահմանադրական քայլ է` նաև Վրաստանի նախագահի գնահատմամբ։

«Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնության 78 պատգամավոր առաջին ընթերցմամբ աջակցել է վրաց ժողովրդի դեմ ռուսական օրենքին։ Վրաստանի բոլոր միջազգային գործընկերների կարծիքով՝ այս օրենքը ռուսական մեծ պատ է Վրաստանի և Եվրամիության միջև:

Այս օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումը իշխանությունների կողմից իրականացվող հակաարևմտյան արշավի և եվրոպական կառույցների մշտական ​​ապալեգիտիմացման ուղղակի շարունակությունն է։

Հանրությանը տեղեկացնում ենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի հետկանչման ընթացակարգ չկա, դա հնարավոր է ներկայացնել միայն լիագումար նիստում։ Ուստի անհրաժեշտ է, որ խորհրդարանը կրկին քվեարկության դնի և մերժի ռուսական օրենքը, իսկ նախաձեռնողները պաշտոնապես հետ վերցնեն ռուսական օրենքի երկրորդ տարբերակը, որը քվեարկության չի դրվել։ Սա կլինի պաշտոնական ներողություն վրաց ժողովրդից»,- նշված է հայտարարության մեջ:

ՀԿ-ները պահանջում են.

  • խորհրդարանը պետք է անհապաղ լիագումար նիստ անցկացնի, որտեղ կրկին քվեարկության կդրվի «ռուսական օրենքը» և պաշտոնապես կմերժվի,
  • անհապաղ ազատ արձակել բոլոր կալանավորներին, որոնք պաշտպանել են Վրաստանի եվրոպական ապագան և փողոցներում բողոքել «ռուսական օրենքի» դեմ, որը ոտնահարում է Վրաստանի և նրա ժողովրդի արժանապատվությունը:

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն պարզաբանել է, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման կդրվի, բայց չի ընդունվի։

Օրինագիծը կարող է մերժվել միայն քվեարկությամբ տապալելով. Անդրանիկ Մինասյան