Ատելության խոսքը երիտասարդների աչքերով. իրազեկություն, փորձառություն, լուծումներ

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» նախագծի շրջանակներում անցկացված մրցույթի մասնակիցների էսսեները: Մրցույթի շրջանակներում «Ալիք Մեդիա»-ն ստացել է մի շարք գործեր, որոնցից խմբագրակազմն ընտրել է լավագույն հինգը` կայքում հրապարակման համար: Մրցույթը նախատեսված էր «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» դասընթացների շրջանավարտների համար: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը պատասխանատվություն չի կրում էսսեների բովանդակության համար, տեքստում նշված կարծիքը կարող է չհամընկնել մեր խմբագրակազմի կարծիքին:

Այսօրվա աշխարհում, երբ խոսքի ազատությունը հասանելի է գրեթե բոլորին, մեծանում է նաև դրա չարաշահման ռիսկը: Ատելության խոսքը դարձել է սոցիալական, քաղաքական և մշակութային լուրջ մարտահրավեր՝ հատկապես սոցիալական ցանցերի և առցանց մեդիայի տարածման ֆոնին։ Բայց ինչո՞վ է դա վտանգավոր, որտե՞ղ է դրսևորվում, և ի՞նչ կարելի է անել դրա դեմ։

Այս թեմայով խոսել ենք մի քանի երիտասարդի հետ` հասկանալու համար, թե որքան են տեղեկացված։ Հարցին, թե ինչ են հասկանում «ատելության խոսք» ասելով` հարցվածներից մեկը պատասխանեց այսպես.

«Ատելության խոսքը» այն արտահայտություններն են, որոնք հարուցում են ատելություն, թշնամանք կամ խտրականություն որևէ անձի կամ սոցիալական խմբի նկատմամբ՝ ելնելով նրանց ռասայական, էթնիկական, կրոնական պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, աշխարհայացքից կամ այլ առանձնահատկություններից»։

Ըստ երիտասարդների` այս ամենը կարող է տեղի ունենալ բացահայտ վիրավորանքի, սպառնալիքի, նաև նուրբ քողարկված ենթատեքստի ձևով։ Ըստ հարցվածների` «ատելության խոսքի» բախվում ենք գրեթե ամենուրեք՝ բանավոր խոսքի միջոցով, գրավոր արտահայտություններով, պատկերներով ու տեսանյութերով կամ սոցիալական մեդիայի միջոցով։ Եվ դա խթանում է անհանդուրժողականությունն ու բռնությունը։

«Մի անգամ մի քանի հայ երիտասարդի հետ միասին գնացել էինք ճամբար, որտեղ մասնակիցների մեծամասնությունը վրացիներ էին, այդտեղ առաջին անգամ զգացի ատելության խոսքը։ Վրացիներից մի քանիսը մեզ մատով էին ցույց տալիս, ծիծաղում, որ լեզվին նույնքան լավ չէինք տիրապետում, որքան իրենք։ Ամենավատն այն էր, որ նույնիսկ ասում էին` իրենք են իսկական քրիստոնյաները, ոչ թե` մենք։ Փորձում էին մնացածին տրամադրել մեր դեմ։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց, քանի որ մյուս մասնակիցները նրանց բացատրեցին, որ իրենք են սխալ, եւ պետք չէ լարվածություն առաջացնել խմբում»։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ «ատելության խոսքը» անհատի կամ հասարակության վրա, հարցի պատասխանը հետևյալն էր.

«Ատելության խոսքը լուրջ հետևանքներ ունի հասարակության շրջանում, կարող է վնասել թե՛ անհատներին, թե՛ հասարակությանը։ Դա ազդում է մարդկանց հոգեբանական վիճակի վրա՝ առաջացնելով վախ, սթրես ու մեկուսացում։ Դա կարող է պառակտումների, հակամարտությունների և նույնիսկ բռնության պատճառ դառնալ»։

Ըստ մասնակիցներից մի քանիսի` «ատելության խոսքը» նվազեցնելու համար անհրաժեշտ են մի շարք բազմաբնույթ ու համակարգված քայլեր՝ ինչպես հասարակության, այնպես էլ պետական ու իրավական շրջանակներում։ Համագործակցությունը տարբեր կազմակերպությունների, անհատների եւ պետական մարմինների հետ կօգնի բարելավել այսօրվա իրավիճակը և ստեղծել ավելի հանդուրժող մոտեցումներ։ Բոլոր հաստատությունները, որոնք աշխատում են այս ուղղությամբ, պետք է միմյանց հետ համապատասխսնեցնեն իրենց գործողությունները, քանի որ առանձին-առանձին աշխատելը արդյունք չի տա։ Այստեղ ամենակարևոր դերակատարումն ունեն մեդիան ու սոցիալական հարթակները, քանի որ նրանց միջոցով է տարածվում ինֆորմացիան, որը հետագայում կարող է օգտագործվել որպես ատելության խոսք։

«Սոցցանցերում ենք ամենահաճախը հանդիպում ատելության խոսքի, երբ մեկը, որ չի համակրում իրենից տարբերվող մեկ այլ անձի, վիրավորում է նրան կամ խորհուրդ է տալիս մյուսներին, որ վարվեն այնպես, ինչպես ինքը։ Սա բացահայտ արտահայտման ձև է, բայց լինում են նաև շատ լավ քողարկված ձևեր», — նշեց երիտատարդներից մեկը։

Վերջին հարցը հետևյալն էր՝ տեղյա՞կ են արդյոք՝ պատժելի է, թե ոչ ատելության խոսքը Վրաստանում և ինչպես։

Երիտասարդներից ոմանք տեղյակ էին, որ Վրաստանում ատելության խոսքը քրեորեն պատժելի չէ, քանի որ չկան համապատասխան կետեր օրենսգրքում։ Սակայն այն մարդիկ ովքեր ունեին իրավաբանական կրթություն, նշեցին, որ դա կարող է հանցագործության ծանրացուցիչ հանգամանք դիտարկվել։

«Օրինակ՝ Քրեական օրենսգրքում կան դրույթներ, որոնք արգելում են բռնության և թշնամանքի խթանումը ռասայական, կրոնական կամ այլ նմանատիպ հիմքերով»։

Այնուամենայնիվ, իրավաբան մասնակիցները նշեցին, որ գործնականում ատելության խոսքի կիրառումը որպես քրեական հանցանք դեռեւս թերի է, և անհրաժեշտ է օրենսդրական հստակեցում։

Այսպիսով, ատելության խոսքը հասարակության դեմ լուռ զենք է։ Վերջինս վարակիչ է, հեշտ է տարածվում և դժվար է կանխվում, եթե չգիտակցվի դրա վտանգավորությունը։ Այս առումով հասարակության առողջացման համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի ուժ, այլև անհատական և հանրային պատասխանատվություն։ Ամեն մեկը կարող է դեր խաղալ ատելության խոսքի դեմ պայքարում՝ սկսելով իրենից, իր խոսքից, վերաբերմունքից և արձագանքից։

Հեղինակ՝ Նինա Պապիկյան