«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» նախագծի շրջանակներում անցկացված մրցույթի մասնակիցների էսսեները: Մրցույթի շրջանակներում «Ալիք Մեդիա»-ն ստացել է մի շարք գործեր, որոնցից խմբագրակազմն ընտրել է լավագույն հինգը` կայքում հրապարակման համար: Մրցույթը նախատեսված էր «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» դասընթացների շրջանավարտների համար: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը պատասխանատվություն չի կրում էսսեների բովանդակության համար, տեքստում նշված կարծիքը կարող է չհամընկնել մեր խմբագրակազմի կարծիքին:
Ժամանակակից աշխարհը տալիս է անսահման հնարավորություններ մշակութային բազմազանության և իրարից տարբեր մարդկանց համատեղ կյանքի համար։ Այս բազմազանությունը, որը միևնույն ժամանակ ուժի աղբյուր է, կարող է վերածվել մարտահրավերի, երբ հասարակության շրջանում չկա բավարար ընդունելիություն, հանդուրժողականություն և կրթություն տարբերության նկատմամբ։ Այս մարտահրավերների թվում ամենացավոտն ու վնասակարը ատելության խոսքն է՝ բանավոր ագրեսիան, որը միտված է մարդու էթնիկ պատկանելության արժեզրկմանը և նպատակ ունի խաթարելու նրա արժանապատվությունը, խորացնելու մեկուսացումն ու խտրականությունը։
Ատելության լեզուն պարզապես անձի վիրավորանք չէ․ դա սոցիալական, մշակութային և հոգեբանական զենք է, որը խախտում է համատեղ գոյության սկզբունքները, խորացնում անհավասարությունը և քանդում ժողովրդավարական հասարակության հիմքերը։ Սա հատկապես ծանր հետևանքներ է թողնում էթնիկ փոքրամասնությունների վրա, որոնք առանց դրա էլ հաճախ են բախվում սոցիալական արգելքների, ստերեոտիպերի և համակարգային խտրականության։ Այդ իսկ պատճառով, այստեղ կքննարկենք, թե ինչպես է ատելության խոսքը ազդում ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության վրա, և ինչու է դրա դեմ պայքարը կենսականորեն կարևոր։
Ատելության խոսքի ազդեցությունն անհատի վրա
Էթնիկ փոքրամասնության ներկայացուցչի համար ատելության խոսքին բախվելը հաճախ դառնում է անընդհատ փորձառություն՝ փողոցում, սոցիալական ցանցերում, կրթական հաստատություններում կամ աշխատավայրում։ Այդպիսի արտահայտությունները կարող են հայտնվել կատակների, հեգնանքի, ագրեսիվ մեկնաբանությունների կամ բացահայտ սպառնալիքների տեսքով։ Սակայն այդ բոլոր խոսքերը խոր հոգեբանական վերքեր են առաջացնում։ Մարդը կարող է զգալ անպաշտպան, օտար և անցանկալի այն հասարակությունում, որտեղ ապրում է։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ատելության լեզվով պայմանավորված սթրեսը կարող է հանգեցնել քրոնիկական դեպրեսիայի, տագնապի և ինքնագնահատականի իջեցման (Sue et al., 2007)։ Այս ազդեցությունը հատկապես ծանր է երեխաների և պատանիների համար, որոնք զարգացման փուլում ամենազգայունն են ուրիշների գնահատման նկատմամբ։
Ատելության խոսքը և հասարակական բևեռացումը
Ատելության խոսքը միայն անհատական խնդիր չէ, վերջինս ազդում է ամբողջ հասարակության վրա։ Երբ էթնիկ փոքրամասնությունների հանդեպ արմատավորվում է ագրեսիվ ռետորիկա, հասարակությունում ուժեղանում է բևեռացումը՝ «մենք» և «նրանք» հակադրությունը։ Այս բաժանումը բերում է անվստահության, թշնամանքի և խթանում խմբերի միջև լարվածության աճը։ Նման սոցիալական լարվածությունն ավարտվում է ոչ միայն բանավոր հակամարտություններով, այլև հաճախ՝ ֆիզիկական բռնությամբ (OSCE, 2021)։
Ցուցաբերված բացասական վերաբերմունքը հաճախ արտացոլվում է նաև համակարգային մակարդակում. օրինակ՝ քաղաքական կամ մեդիա դիսկուրսը կարող է ամրապնդել ստերեոտիպերը և խթանել խտրական քաղաքականություն։ Այս ամենը խաթարում է արդարության սկզբունքները և վնասում սոցիալական արդարության գաղափարին։
Մշակութային ինքնության մարտահրավերները և ինքնարտահայտման դժվարությունները
Ատելության խոսքը հաճախ ուղղված է մշակութային դրսևորումների դեմ՝ լինի ազգային հագուստ, երաժշտություն, խոհանոց, թե կրոնական ավանդույթ։ Փոքրամասնության ներկայացուցիչները հաճախ փորձում են թաքցնել իրենց ինքնությունը, որպեսզի հեշտությամբ ինտեգրվեն հասարակությանը և պաշտպանվեն հարձակումներից (Pew Research Center, 2017)։
Այդպիսի ճնշմամբ իրականացվող ձուլումը (ասիմիլյացիա) ոչ միայն խլում է մարդու մշակութային ինքնարտահայտման հնարավորությունը, այլև առաջացնում է ինքնության կորստի վախ։ Դրա հետևանքով երիտասարդները, որոնք հայտնվել են երկու աշխարհի՝ ծնողների մշակույթի և տեղական միջավայրի միջև, հաճախ բախվում են հոգեբանական ճգնաժամի։
«Ատելության խոսքը» պարզապես խոսք չէ՝ վնասակար սոցիալական ուժ է, որը կարող է խաթարել մարդու արժանապատվությունը, ինքնագիտակցությունը և հասարակության միասնությունը։ Դա հատկապես խոր ազդեցություն է ունենում էթնիկ փոքրամասնությունների վրա, որոնք առանց դրա էլ բախվում են բազմաթիվ սոցիալական մարտահրավերների։
Այս խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է հանդուրժողականության ուսուցում կրթական համակարգում, ատելության խոսքի դեմ գործող օրենսդրության արդյունավետ կիրառում և մեդիայի պատասխանատվության բարձրացում։ Հատկապես կարևոր է հանրային գիտակցության բարձրացումը. սա միակ ճանապարհն է ստեղծելու ներառական, հավասար և խաղաղ հասարակություն, որտեղ էթնիկ բազմազանությունը արժևորվում է։
Հեղինակ՝ Գարիկ Գասպարյան